Փոխե՛ք ձեր ետնանկարը «Ոչ»-ի լոգոյով. Facebook-ում նոր մարտահրավեր է սկսվել

voch8Facebook սոցիալական ցանցում հայաստանցի օգտատերերը նոր նախաձեռնություն են սկսել. նրանք փոխում են Facebook-ի իրենց ետնանկարները (cover photo) «Ոչ»-ի լոգոյի պատկերով՝ մարտահրավեր նետելով ևս երեք օգտատերի՝ անելու նույնը: Օգտատերերը փոխում են իրենց ետնանկարները և նշում, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին իրենք «Ոչ» են քվեարկելու՝ այդպիսով մերժելով Սերժ Սարգսյանի առաջարկած սահմանադրական փոփոխությունը:

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում միմյանց մարտահրավերներ նետելու ավանդույթը սկսվել էր 2014-ի ամռանը. Ice Bucket Challenge բարեգործական ակցիայի շրջանակում բազմաթիվ հանրահայտ անձինք համացանցում տեղադրում էին տեսանյութեր, որտեղ իրենց վրա սառցե ջուր են լցնում, ինչից հետո մարտահրավեր էին նետում երեք այլ օգտատերի, վերջիններս էլ իրենց հերթին մարտահրավեր էին նետում երեք այլ մարդու՝ այսպիսով միանալով ամիոտրոֆիկ սկլերոզ հիվանդության դեմ պայքարին: 

«Չե՛ք անցկացնի»-ի նախաձեռնող խմբի անդամ Հրայր Մանուկյանն ասում է.

Կարևոր է, որ քաղաքացիները մինչ հանրաքվեն հրապարակավ արտահայտեն իրենց բացասական դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ՝ այդպիսով ավելի քիչ հնարավոր դարձնելով ընտրակեղծիքների հնարավորությունը. որովհետև որքան շատ մարդ բաց հայտնի, որ «Ո՛չ» է ասում սահմանադրությանը, այդքան իշխանությունները կաշկանդված կլինեն թվեր նկարել ու կեղծիքներ անել: Այնպես որ, ես կոչ եմ անում ակտիվորեն ներգրավվել սոցիալական ցանցում սկսված այս արշավում: