Ավելի քիչ պետություն, ավելի շատ շուկա կամ տնտեսական որոշումների ապաքաղաքականացում. Դավիթ Ստեփանյան

Առաջարկվող նախագածը ես դիտարկում եմ երկու համատեքստում՝ տեղական և համաշխարհային։ Տեղական առանձնահատկությունն այն է, որ կիսանախագահական կառավարման մոդելից խորհրդարանականի անցման անվան տակ ՀՀԿ-ի և նախագահի պաշտոնը զբաղեցնողի կողմից (ով գործող Սահմանադրությամբ չի կարող առաջադրվել 3-րդ անգամ) փորձ է արվում ստեղծել պարտոկրատիա՝ բրեժնևյան ժամանակների ԽՍՀՄ-ի օրինակով։ Տարբերությունն այն է, որ ստեղծվելիք մոդելը ավելի նման է լինելու այն ժամանակների Լեհաստանին, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությանը և սոցճամբարի մի քանի այլ երկրի, որտեղ կար իշխող կուսակցություն և մի քանի մանր կուսակցություններ, որոնք դրա դաշնակիցն էին․կազմակերպված ընդդիմության մասին խոսք լինել չի կարող, որովհետև չի մնա որևէ ռեսուրս։  

Կինովավերագրող
Դավիթ Ստեփանյան, ռեժիսոր

Կատարվում են նաև մի շարք այլ փոփոխություններ, որոնք ես հակված եմ դիտարկել համաշխարհային գործընթացների համատեքստում և որոնց նախադրյալները կան այլ պետություններում նույնպես: Առաջարկվող նախագծով պետությունը պարտավոր չէ որպես սահմանադրական նորմ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել քաղաքացիների` բնակարան ունենալու իրավունքի իրացման համար, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու, գործազրկության և այլ դեպքերում սոցիալական ապահովություն տրամադրել։ Սահմանադրական անվերապահ իրավունքի մակարդակից օրենքով կարգավորվող մակարդակ է իջեցվում աշխատանքի դիմաց արդարացի և նվազագույնից ոչ ցածր աշխատավարձ ստանալու քաղաքացիների իրավունքը և անվճար բուժօգնություն ստանալու իրավունքը։ 

Առաջարկվող նախագծում, որպես սահմանադրական նորմ, բացակայում են սեփականության իրավունքի իրականացման ժամանակ շրջակա միջավայրին վնաս չպատճառելու կամ այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը չխախտելու և մարդու՝ իր առողջությանն ու բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքի դրույթները։ Պաշտոնատար անձինք էլ ազատվում են բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար նախատեսվող պատասխանատվությունից: Հաշվի առնելով Հայաստանում հանքարդյունահանության հսկայական ծավալը՝ կարելի է պատկերացնել, թե ինչ հետևանք կարող է ունենալ այս ամենը տարիների կտրվածքով։  Եթե ամփոփեմ, կարող եմ ասել՝ ավելի քիչ պետություն, ավելի շատ շուկա կամ տնտեսական որոշումների ապաքաղաքականացում։