Փոփոխությունները մարդու իրավունքների հարցերում առաջընթաց ներկայացնելը ցածրաճաշակ սուտ է. Արթուր Գրիգորյան

Սահմանդրական փոփոխությունների նախագծով փորձ է արվում առանց որևէ հիմնավորման վերացնել առողջ և բարեկեցիկ շրջակա միջավայրում ապրելու՝ մարդու սահմանադրական իրավունքը՝ փոխարենը տեքստում ներառելով ոչինչ չասող, հռչակագրային երկտող՝ երկրի կայուն զարգացումը խթանելու վերաբերյալ, որը իրավունք չէ և պետական մարմինների համար չի առաջացնում որևէ չափելի պարտավորություն: 

Արթուր Գրիգորյան, էկոլոգիական իրավունքի մասնագետ
Արթուր Գրիգորյան, էկոլոգիական իրավունքի մասնագետ

Գործող Սահմանադրությամբ ամրագրված է յուրաքանչյուրիս իրավունքը՝ ապրելու մեր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում (հոդված 33.2.): Նշեմ, որ Հայաստանը միացել է Օրհուսի կոնվենցիային, և այդ միջազգային պայմանագրին միանալով՝ պետությունը ստանձնել է պարտավորություն շրջակա միջավայրի հարցերով տեղեկատվությունն ազատորեն տրամադրելու, նույն հարցերի վերաբերյալ որոշումների ընդունմանը հանրության մասնակցությունն ապահովելու, ինչպես նաև դատական կարգով վարչական մարմինների կայացրած ակտերը վիճարկելու հարցերում, և վերը նշված սահմանադրական դրույթը հենց այն նորմն էր, որով սահմանադրորեն երաշխավորվել է Օրհուսի կոնվենցիայով սահմանված իրավունքների երաշխավորումը: 

Ներկայացված՝ սահմանադրական փոփոխությունների սևագրում այդ նորմը պարզապես հանվել է՝ անտեսելով ստանձնած միջազգային պարտավորությունների հանգամանքը: Այսինքն, կատարվել է անընդունելի հետքայլ մարդու իրավունքների բարձր մակարդակից դեպի դրա բացակայություն: 

Սրա քաղաքական բաղադրիչն այն է, որ սահմանադրական փոփոխությունների ջատագովները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը այդ փոփոխությունները ներկայացնում են որպես մարդու իրավունքների հարցերում առաջընթաց, ինչը ցածրաճաշակ սուտ է: 

Իրականում, Սահմանադրության տեքստից հանվում է իրավունքը, որը պետական մարմինների համար առաջացնում էր պոզիտիվ պարտավորություն՝ ապահովելու այդ իրավունքի իրականացումը: Այս փոփոխությամբ պետությունը փաստացիորեն հրաժարվում է կատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները էկոլոգիական հարցերում։