Նախագծով մարդու իրավունքների և ազատությունների զգալի կրճատում է նախատեսված. Հայկ Ալումյան

alumyanNopasaran.am-ի զրույցակիցն է փաստաբան Հայկ Ալումյանը:

– Պարո՛ն Ալումյան, դուք ձեր տված հարցազրույցներում մշտապես դեմ եք արտահայտվել սահմանադրական  փոփոխություններին, որի վերաբերյալ դեկտեմբերի 6-ին հանրաքվե է նախատեսված: Եթե ամփոփելու լինենք ձեր վերաբերմունքը նախագծի վերաբերյալ, ապա ո՞րն է այն գլխավոր պատճառը, որի համար պետք է «Ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին: 

– Ես ասելու եմ «ոչ» հետևյալ պատճառներով. ես մասնագիտությամբ իրավաբան եմ և իրավապաշտպանական ոլորտի մեջ եմ: Սահմանադրական փոփոխությունների նախագծում ինձ համար թիվ մեկ խնդիրը ոչ թե այն է, թե մենք ունենալո՞ւ ենք գլխավոր-գերագույն հրամանատար, թե՞ ոչ, դա լինելո՞ւ է նախագահը, թե՞ ոչ, մենք ունենալո՞ւ ենք ընտրությունների մեկ փուլ, թե՞ երկու, այլ այն, թե մարդու իրավունքներն ու ազատություններն այժմ՝ գործող սահմանադրությա՞մբ են ավելի պաշտպանված լինելու, թե՞ նոր սահմանադրության նախագծով: Ես, որպես փաստաբան և իրավապաշտպան, կարող եմ ասել և միանշանակ հիմնավորել, որ նախագծով մարդու իրավունքների և ազատությունների զգալի կրճատում է նախատեսված: Դա միայն ինձ բավարար է՝ սահմանադրական փոփոխություններին դեմ քվեարկելու համար: 

– Հասարակ քաղաքացուն ինչպե՞ս պետք է տեղյակ պահել իր իրավունքներին և ազատություններին սպառնացող վտանգների մասին, որոնք դուք եք տեսնում, որպեսզի նա ևս դեմ քվեարկի նախագծին: 

– Ես չեմ կարող իմ առջև խնդիր դնել, որ մարդիկ դեմ քվեարկեն սահմանադրական փոփոխություններին, բայց ես կարող եմ կոչ անել բոլոր նրանց, ում համար կարևոր է իրենց և իրենց շրջապատում գտնվող անձանց իրավունքները: Ես ասում եմ, որ այս նախագծով իրենց իրավունքներն ու ազատությունները կրճատվելու են, և բնական է, որ մարդն, ով կարևորում է այդ արժեքները, պիտի գնա և դեմ քվեարկի: Որոշ իրավունքներ և ազատություններ, որոնք մեզ համար այսօր անվիճելի են, նախագծով դրվում են լուրջ կասկածի տակ: 

Տեսակետ կա, թե քաղաքացու կյանքում սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո ոչինչ դեպի լավը կամ վատը չի փոխվի: Ձեր կարծիքով՝ նախագծի ընդունման դեպքում ի՞նչ հետևանքներ այն կառաջացնի քաղաքացու համար

– Դա կբերի աղետալի հետևանքների: Ես բերեմ մեկ օրինակ: Այսօր սահմանադրության մեջ դրույթ կա, որը համաշխարհային ճանաչում ունեցող դրույթ է: Համաձայն դրա՝ «ոչ ոք  պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի», բայց նախագծով սրանք հանված են. էլ ուրիշ ի՞նչ ունեմ ապացուցելու: Եթե ինչ-որ մեկն այդ դրույթները նոր նախագծով կասկածի տակ է դնում, ես էլ ո՞ւմ և ի՞նչ ապացուցեմ: Դրանից հետո  մնացած բոլոր դրույթները կարող են նախշել, զարդարել ծաղիկներով, դա արդեն ինձ, որպես իրավաբանի, չի հետաքրքրում: