Սերժ Սարգսյանը ցանկանում է մի գնդակով երկու նապաստակ խփել. Արսեն Օհանյան

Ես դեմ եմ սահմանադրական փոփոխություններին, քանի որ այդ փոփոխությունները նախաձեռնել է Սերժ Սարգսյանը, իսկ նրա նախաձեռնությունները ժողովրդի համար հաստատ ոչ  թե օգտակար, այլ վնասակար են: Սերժ Սարգսյանը  մեր շահերը չի ներկայացնում, մենք նրան չենք ընտրել: 

Արսեն Օհանյան, ակտիվ քաղաքացի
Արսեն Օհանյան, ակտիվ քաղաքացի

Այս նախաձեռնությունն արվել է Սերժ Սարգսյանի և նրա ռեժիմի երկարացման կամ հավերժացման համար: Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե սահմանադրական փոփոխությունների ընդունման կամ չընդունման դեպքում ժողովրդի կյանքում ոչինչ չի փոխվի, ապա ես վստահ եմ, որ դա սխալ է. ես հաստատ համոզված եմ, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի անցկացման դեպքում ամեն ինչ դեպի էլ ավելի վատն է փոխվելու, հատկապես եթե հաշվի ենք առնում, որ փոփոխությունների նախագծով կրճատվում են ինչպես մարդու հիմնարար, այնպես էլ մի շարք այլ իրավունքներ ու ազատություններ: 

Ստացվում է, որ  սահմանադրական փոփոխությունների այս նախագծով Սերժ Սարգսյանը մի կողմից ընդլայնում ու հավերժացնում է իր իշխանությունը, մյուս կողմից՝ սահմանափակում ժողովրդի իշխանությունը՝ ժողովրդի իրավունքները, որպեսզի քաղաքացիների կողմից իր ռեժիմին ավելի քիչ վնաս սպառնա: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ցանկանում է մի գնդակով երկու նապաստակ խփել: