Կոչ եմ անում քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ընդդեմ փոփոխությունների բոլոր հրապարակային միջոցառումներին. Հրայր Մանուկյան

«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանը հարցազրույց է տվել «Առաջին լրատվականին», որը ներկայացնում ենք ստորև: 

Հրայր, «Չեք անցկացնի»-ն այս պահին ի՞նչ անելիքներ ունի, ի՞նչ հստակ քայլեր կան, որոնք առաջիկայում պատրաստվում եք իրականացնել։ 

– «Չեք անցկացնի»-ն նախօրեին հայտարարել է, որ սահմանադրական հանրաքվեի օրն իրականացնելու է ընտրական գործընթացի արտաքին՝ ընտրատեղամասերից դուրս դիտարկում: Մենք կազմելու ենք խմբեր, որոնց նպատակն է լինելու բազմակի քվեարկող ընտրակեղծարարների խմբերի հայտնաբերումն ու երևույթի փաստագրումը: Այժմ նախաձեռնությունն ակտիվորեն զբաղված է քաղաքացիների հավաքագրմամբ և այդ խմբերի ստեղծմամբ, որոնք նաև արագ արձագանքման ֆունկցիա են իրականացնելու: Բացի այդ, «Չե՛ք անցկացնի»-ն մարզերում քաղաքացիների հետ հանդիպումներ, ինչպես նաև ակցիաներ է նախապատրաստում, որոնց նպատակը քաղաքացիներին սահմանադրական նախագծի վտանգավորության մասին հանրությանն իրազեկելն է: Նախաձեռնությունը շարունակում է ակտիվորեն համագործակցել սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող բոլոր քաղաքական միավորների, քաղաքացիական խմբերի, հասարակական կազմակերպությունների հետ, և օգտվելով առիթից՝ կոչ եմ անում քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ընդդեմ սահմանադրական փոփոխությունների կազմակերպվող բոլոր հրապարակային միջոցառումներին՝ հանրահավաքներին, երթերին, ցույցերին, ակցիաներին: 

Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի շտաբները ևս արդեն ակտիվորեն քարոզչություն են իրականացնում։ Դուք ինչպե՞ս եք պատրաստվում հատկապես մարզերում դիմակայել իշխանություններին։ 

– Ես չեմ կարող խոսել սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող բոլոր միավորների անունից։ Ես կարող եմ խոսել «Չեք անցկացնի»-ի անելիքների մասին։ Մենք համագործակցում ենք նաև մարզերում գործող կազմակերպությունների, ընդդիմադիր կուսակցությունների մարզային շտաբերի ակտիվի հետ՝ դիմակայելու իշխանությունների հավանական օրինախախտումներին: Ի դեպ, «Չեք անցկացնի»-ն վերջերս բացել է էլեկտրոնային լրատվական կայք՝ nopasaran.am, որն արագ արձագանքելու է ինչպես Երևանում, այնպես էլ՝ մարզերում սահմանադրական փոփոխությունների հետ կապված մարդու իրավունքների խախտումներին և ապօրինություններին ու դրանց մասին տեղյակ է պահելու նաև շահագրգիռ միջազգային ու տեղական իրավապաշտպան կազմակերպություններին, միջազգային տարբեր կառույցների ներկայացուցչություններին: Մենք նաև ցույց ենք տալու, թե քաղաքացիական դաշտում ինչ է տեղի ունենում, արտացոլելու ենք մարդկանց տրամադրությունները, լուսաբանելու ենք նախաձեռնության գործունեությունը։ 

– Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ «Ոչ»-ի պայքարում հստակ բաժանում կա՝ քաղաքական և քաղաքացիական։ 

– Նման ցանկացած բաժանում պայմանական է և եթե կուզեք՝ արհեստական: Սահմանադրական փոփոխությունը և դրա դեմ պայքարը քաղաքական գործընթաց է: 

Անվճար եթերաժամից «Չեք անցկացնի»-ն չի՞ օգտվելու։ 

– Չի բացառվում, որ նախաձեռնությունը, համագործակցելով եթերաժամանակ ունեցող ընդդիմադիր խմբակցությունների հետ, նպատակահարմար գտնի իր ասելիքը քաղաքացիներին հասցնել նաև հեռուստաեթերի միջոցով: 

Ձեր պայքարի այս ընթացքում որևէ լուրջ խոչընդոտի հանդիպե՞լ եք, իշխանությունների կողմից արգելքների հանդիպե՞լ է նախաձեռնությունը: 

– Նախ «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հինգ անդամներ ոստիկանության բաժին են ապօրինի բերման ենթարկվել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց քաղաքացիական դիրքորոշումը «Ո՛չ» գրությամբ գրաֆիտիի միջոցով քաղաքացիներին հասցնելու պատճառով: Այսինքն՝ ոտնահարվել է քաղաքացիների՝ իրենց գաղափարները, կարծիքը արտահայտելու և ազատորեն տարածելու սահմանադրական իրավունքը: Գյումրիում «Չե՛ք անցկացնի»-ի կազմակերպած հանրահավաքին մասնակցելու նպատակով լրագրողներին միջոցառման վայր տեղափոխող ավտոբուսի վարորդի նկատմամբ իշխանությունները կիրառել են ճնշումներ, ինչի հետևանքով վերջինս սկզբում հրաժարվել է տեղափոխել լրագրողներին Գյումրի, ապա թեև ավտոբուսը վերջիվերջո Գյումրի հասել է, այնուամենայնիվ հրաժարվել է Գյումրիից Երևան հետ բերել լրագրողներին: Այսպիսով իշխանությունների ճնշումների հետևանքով խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը, ինչպես նաև ազատ տեղաշարժը: Երբ նախաձեռնությունը կազմակերպում էր «Ո՛չ»-ի ճակատի համաժողով, իշխանությունների ու հատուկ ծառայությունների հրահանգով և ճնշման պատճառով երևանյան հյուրանոցները և սրահները հրաժարվել են մեզ դահլիճ տրամադրել՝ միջոցառումը կազմակերպելու համար: Այդպիսով խոչընդոտվել է քաղաքացիների՝ գաղափարակիցների հետ միավորումներ ձևավորելու սահմանադրական իրավունքի իրացումը: Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի դիմաց «Չե՛ք անցկացնի»-ի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բռնի ուժ են գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ և 21 հոգու բերման ենթարկել՝ խախտելով հավաքների ազատության սահմանադրական իրավունքը: Այսինքն՝ իշխանությունները, այո՛, ամեն կերպ խոչընդոտել են նախաձեռնության գործունեությունը և շարունակում են իրենց գործելաոճը: