Պետության ժողովրդավարացման տեսանկյունից այս փոփոխությունները շատ վտանգավոր են. Արմեն Գրիգորյան

Հայաստանը որդեգրել է ժողովրդավարական մոդել, քաղաքացիները պայքարում են, որպեսզի պետությունում լինի ժողովրդավարություն, և այդ՝ ժողովրդավարացման տեսանկյունից սահմանադրական այս փոփոխությունները շատ մեծ վտանգ են ներկայացնում, «Ստատուս քվո»-ի եթերում նշել է «Չեք անցկացնի»-ի նախաձեռնող խմբի անդամ Արմեն Գրիգորյանը: 

«Քննարկում կա, թե որ մոդելն է ավելի ժողովրդավարական՝ խորհրդարանակա՞նը, կիսանախագահակա՞նը, թե՞ նախագահականը: Այդ քննարկման հարցադրումը սխալ է, քանի որ բոլոր մոդելներն էլ կարող են ժողովրդավարական լինել: Կարևոր է հասկանալ, թե ինչ պայմաններում է պետությունը որևէ մոդել ընդունում: Ընդհանրապես, հետազոտությունը ցույց է տալիս, որ խորհրդարանական համակարգերն ավելի դժվար են ժողովրդավարանում, քան նախագահական կամ կիսանախագահական համակարգերը: Ինչո՞ւ: Որովհետև վերջին երկու մոդելներն ունեն մի կարևոր առավելություն. երկրի առաջին դեմքը երկու ժամկետից հետո ստիպված է լինում հեռանալ: Իհարկե, եթե Ադրբեջանի պես փոփոխություն չի կատարում և լիմիտները չի վերացնում: Խորհրդարանական համակարգի դեպքում այդ վտանգը կա, որ առաջին դեմքն ու նրա կուսակցությունն ավելի երկար կարող են մնալ իշխանության, ինչի արդյունքում համակարգը կարծրանում է, դառնում միակուսակցական ու խնդիր է առաջանում պետությունը ժողովրդավարացնելու գործընթացի առումով»,- նշում է Արմեն Գրիգորյանը: 

Նախաձեռնության անդամի համոզմամբ՝ եթե գործադիր և օրենսդիր իշխանությունների ձևավորման սկզբունքները սխալ են սահմանվում Սահմանադրությամբ, ապա տեքստի մնացյալ հատվածները՝ մարդու իրավունքների, դատական համակարգի և այլ ոլորտների վերաբերյալ, հնարավոր չի լինում ամբողջությամբ աշխատացնել: 

Հարցազրույցի ձայնագրությունն ամբողջությամբ՝ այստեղ: