Փոխելով գործող սահմանադրությունը՝ ռեժիմը և Սերժ Սարգսյանը փորձում են սահմանադրական ուժ տալ իրենց ապօրինություններին. Մաքսիմ Սարգսյան

Ես դեմ եմ սահմանադրական փոփոխություններին, որովհետև դրանով Սերժ Սարգսյանը հեշտացնում է իր վերարտադրման գործընթացը: Իհարկե, սահմանադրական փոփոխություններով վերարտադրման հարցը վերջնականապես չի լուծվում, բայց դա իրականացնելը մի քանի անգամ ավելի հեշտ կլինի փոփոխված, քան թե գործող սահմանադրության պայմաններում: 

Մաքսիմ Սարգսյան, «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ
Մաքսիմ Սարգսյան, «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ

Բացի այդ, առաջարկվող սահմանադրական փոփոխությունները սահմանափակում են մարդու իրավունքները: Խոսքս, առաջին հերթին, վերաբերում է մարդու ընտրելու իրավունքին. ինչպես գիտենք, ըստ այդ փոփոխությունների` ՀՀ քաղաքացիները զրկվում են ՀՀ նախագահ ընտրելու իրավունքից: Դրանով ներկայիս իշխանությունները ոչ միայն այդ պաշտոնի հարցն են լուծում, այլև միանգամից փակում հետընտրական պրոցեսների հարցը, որոնք, ինչպես քանիցս համոզվել ենք, մեծ վտանգ են ներկայացնում գործող ռեժիմի համար: Մյուս կողմից առաջարկվող փոփոխությունները սահմանափակում են մարդու իրավունքները խաղաղ հավաքների անցկացման մասով: 

 Դեմ եմ սահմանադրական փոփոխություններին, քանի որ առանց այդ էլ իրենց ձեռքի տակ գործող արդարադատության համակարգն ամբողջովին կախվածության մեջ է ընկնելու իշխանություններից: Ճիշտ է, իհարկե, նաև այն, որ ներկայիս սահմանադրությունն էլ չի գործում այնպես, ինչպես գրված է, ու թվում է՝ ի՞նչ տարբերություն, թե որ սահմանադրությունը չի գործելու մեր երկրում, բայց փոխելով գործող սահմանադրությունը, ինչպես համոզվում ենք, ռեժիմը և Սերժ Սարգսյանը փորձում են սահմանադրական ուժ տալ իրենց անօրինականություններին: