Նույնիսկ փաստաթուղթ չենք ունենա, որով կկարողանանք պաշտպանվել. Մամիկոն Հովսեփյան

Դեմ եմ սահմանադարական փոփոխություններին շատ պատճառներով. դժվար կլինի բոլոր դրույթներին առանձին-առանձին անդրադառնալ, բայց առաջնահերթ է այն հանգամանքը, որ նոր Սահմանադրության մեջ մարդը՝ որպես արժեք այլևս կորում է, այնտեղ այլ արժեքներ են փորձել արհեստական ձևով մտցնել: Այսինքն՝ եթե դիտարկում ենք, որ մարդը բարձրագույն արժեք է, նոր Սահմանադրության մեջ նման բանի համարյա չենք հանդիպում:  

Մամիկոն Հովսեփյան
Մամիկոն Հովսեփյան

Չնայած գիտեմ, որ տարբեր իրավապաշտպաններ ու ակտիվիստներ այս հարցին արդեն անդրադարձել են, բայց նշեմ նաև փոփոխոխված Սահմանադրությունում բարոյականություն բառի օգտագործումը: Քանի որ բարոյականությունն իրավական նորմ չէ, ի՞նչ գործ ունի այն նման կարևոր փաստաթղթում: Բացի այդ՝ ծիծաղելի է, որովհետև երբ նայում ենք՝ որ կուսակցությունն է փորձում այդ բառը Սահմանադրության մեջ մտցնել, հակասություններ ենք ունենում:

Բացի այդ՝ տարբեր սահմանափակումներ կան արդեն տարբեր հոդվածներով: Եթե մինչ օրս, լինելով ակտիվիստ, կամ ունենալով տարբեր ոլորտներում ակտիվիստ ընկերներ, որոնք միշտ հենվել են Սահմանադրության վրա, միշտ հպարտություն է եղել առաջ տանել Սահմանադրությունն ու ասել՝ մեր սահմանադրական իրավունքներն ենք պաշտպանում, այժմ այս իշխանությունը կարծես մատ թափ տվեց և ասաց՝ դե հիմա տեսեք, թե ինչ Սահմանադրություն կլինի ձեզ համար: Այսինքն՝ նույնիսկ փաստաթուղթ չենք ունենա, որով կկարողանանք պաշտպանել թե՛ մեզ՝ որպես ակտիվիստներ, քաղաքացիներ, թե՛ այն մարդկանց ու այն հարցերը, որոնցով մենք զբաղվում ենք: