Այս սահմանադրության անցկացումն իշխանության պլանի փոքր մասն է. Հրանտ Տեր-Աբրահամյան

hrantNopasaran.am-ի զրուցակիցն է Հրանտ Տեր-Աբրահամյանը 

– Հրա՛նտ, որո՞նք են այն հիմնական պատճառները, որ անհրաժեշտ է «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին

– Այդ պատճառներին անդրադառնալու համար նախ պետք է խոսել այն մասին, թե ինչ նպատակ են իրենց առջև դրել իշխանությունները՝ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելով: 

Սահմանադրական փոփոխություններն արվում են Սերժ Սարգսյանի անձնական իշխանությունը երկարաձգելու նպատակով. սա միանշանակ է, արդեն մեկ տարուց ավել է՝  հիմնավորվել է բազմաթիվ մարդկանց կողմից ու չի հերքվել, իսկ նրանք, ովքեր, այնուամենայնիվ, փորձել են հերքել, անլուրջ բաներ են ասել: 

Սերժ Սարգսյանն, ուրեմն, հասկացել է, որ եթե ինքն ինչ-որ մեկին ժառանգորդ նշանակի, ոչ մի երաշխիք չի ունենա, որ այդ ժառանգորդն իր հետ նույն կերպ չի վարվի, ինչպես ինքն է վարվել նախորդի հետ: Եվ խնդիր է դրել այս սահմանադրական փոփոխությունների անցկացմամբ իր իշխանությունը շարունակելու նաև 2018-ից հետո: Իսկ կլինի Ազգային ժողովի նախագահ, թե միայն ՀՀԿ նախագահ՝ տեխնիկական հարց է: 

Երկրորդ պատճառը, որ իշխանություններն անգամ չեն էլ թաքցնում, նախագահական ընտրությունների ինստիտուտի վերացումն է: Նրանց հաշվարկով՝ նախագահական ընտրությունները միշտ եղել են այն գործոնը, որ հակաիշխանական ամենավտանգավոր շարժումներն է ստեղծել: Ճիշտ է, արդյունքում նրանք միշտ հաղթող են դուրս եկել, բայց շատ մեծ ջանքերի գնով ու մեծ գումար ծախսելով, ուստի ոչ մի երաշխիք չկա, որ միշտ նույնը կկրկնվի, քանի որ նրանք միշտ մազի ծայրով են հաղթող դուրս եկել անգամ այն դեպքերում, երբ ընդդիմադիր թեկնածուները շատ ուժեղ չեն եղել: Հետևաբար նրանք հաշվում են, որ նախագահական ընտրությունները վերացնելով՝ վերացնում են «կենտրոնացված կռիվը»: Այսինքն՝ չնայած այն բանին, որ իշխանություններն ասում են, թե իրենք սահմանադրական փոփոխություններն անում են հանուն պետության կայունության, իրականում նրանք սա անում են հանուն իրենց իշխանության կայունության: 

Երրորդ պատճառն այն է, որ իշխանությունները ցանկանում են փակ համակարգ ստեղծել, որտեղ միշտ կիշխեն նույն մարդիկ, իսկ հասարակության մնացած մասը խաղից դուրս կմնա: Իրենց հաշվարկով ՝ եթե մինչև հիմա հասարակությունը որոշ չափով, թեկուզ նախագահական ընտրությունների միջոցով, հնարավորություն ունեցել է իր բողոքն արտահայտելու, ապա փոփոխություններից հետո չի ունենա: Սա իրենց հաշվարկն է: 

Այն ամենն արդեն իսկ պատճառ է՝ սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու, որովհետև եթե այդ փոփոխություններին ասում ես «այո», ապա դու «այո» ես ասում Սերժ Սարգսյանի անձնական իշխանության հավերժացմանը կամ գոնե 2018 թվականից հետո դրա երկարաձգմանը, «այո» ես ասում իշխող խմբի էլ ավելի ուժեղացմանը և դիրքերի մենաշնորհացմանը, «այո» ես ասում հասարակության՝ քաղաքական գործընթացներից էլ ավելի մեկուսացմանը: Եթե քաղաքացին կողմ է այս ամենին, ապա թող «այո» ասի: 

Ինչպե՞ս քաղաքացուն ներկայացնել այս վտանգները: 

– Քաղաքացին գուցե ամբողջությամբ չի պատկերացնում սահմանադրական փոփոխությունների վտանգները: Գուցե մեկը մի դրույթն է վտանգ ընկալում, մյուսը՝ մեկ այլ, գուցե ոչ մի հարցում էլ չի խարացել, բայց մի բան բոլորի համար հստակ է. եթե այս իշխանությունը մի բան նախաձեռնել է, ուրեմն դա արել է ի՛ր համար, ուրեմն այստեղ ինչ-որ բան այն չէ: Այդ առումով քաղաքացուն անգամ բացատրելու բան չկա, քաղաքացին սա գիտի: Ինչ վերաբերվում է քաղաքացու՝ իր իրավունքներին տեր կանգնելուն, ապա նա ինքն իրենով դա անել չի կարող: Քաղաքացին մեծ հաշվով միշտ էլ իր պարտքը կատարել է, երբ հնարավորություն է տեսել, մոբիլիզացիայի կոչերին արձագանքել է. այլ հարց է, թե արդյոք ինքը տեսնում է ռեալ ուժ, որն իշխանություններին կհարկադրի ժողովրդի կամքը: Այդտեղ արդեն որոշակի խնդիրներ կան: 

Եթե, այնուամենայիվ, սահմանադրական փոփոխություններում հաղթի «այո»-ն, ի՞նչ հետևանք դա կառաջացնի քաղաքացու համար

– Այն խնդիրները, որ ես վերը նշեցի, ինքնին հետևանքներ են, որովհետև երկրի ամբողջ քաղաքականությունն է փոխվում, որն ազդելու է ոչ միայն քաղաքացու, այլ պետության վրա: Անգամ այսօր եղած մեծահարուստների գումարները կարող են խլել և կենտրոնացնել մեկ ընտանիքի շրջանակում: Բայց կա նաև մեկ այլ նրբություն. այս հանարքվեի օրն աշխարհի վերջը չէ, ես կասեի՝ սկիզբն է: Որովհետև սահմանադրությունը փոխելն իշխանական այս մեծ պլանի ընդամենը մակերեսն է: Ասենք՝ թուղթը փոխեցին, բայց իրենք պիտի նաև համակարգը փոխեն, պետք է իշխանության ներսում լուրջ վերադասավորումներ լինեն, քանի որ այն գործիքներն, ինչպես նաև իշխանական խմբերը, որ այսօր կան, հարմարեցված են ներկայիս վիճակին, ներկայիս տեքստին: Ես ենթադրում եմ, որ Հանրապետական կուսակցության, իշխանության ներսում կարող են մեծ զտումներ լինել, իսկ դա իր հերթին նշանակում է, որ անցումային փուլը կարող է տևել մոտ 4-5 տարի. դրա մասին խոսում են անգամ որոշ իշխանականներ: Ենթադրում եմ, որ այդ ընթացքում իշխանությունը կարող է նաև անկայունության փուլ ապրել, և այդ դեպքում հասարկությունը կարող է օգտվել դրանից: Այնպես որ, այս սահմանադրության անցկացումը դեռ պլանի փոքր մասն է: Պետք չէ մտածել, որ եթե, օրինակ, «ոչ»-ի շարժումը չստացվեց, ապա ամեն ինչ այդպիսով վերջանում է: