Այս ամբողջ գործընթացը շատ մտահոգիչ ու կասկածելի է երևում. Լարա Ահարոնյան

laraNopasaran.am-ի զրուցակիցն է Կանանց ռեսուրսային կենտրոնի նախագահ Լարա Ահարոնյանը: 

– Տիկին Ահարոնյան, դե՞մ եք սահմանադրական փոփոխություններին: 

– Այո՛, սահմանադրական փոփոխությունների այս գործընթացին դեմ եմ: Ես վստահություն չունեմ այս պետության հանդեպ, այդպիսի կարևոր նախագիծ այս իշխանությունն իր վրա չպիտի վերցնի: Ինձ համար այս ամբողջ գործընթացը շատ մտահոգիչ ու կասկածելի է երևում: 

– Ինչո՞ւ եք դեմ սահմանադրական փոփոխություններին: 

– Նույնիսկ եթե պետությանը մի կողմ դնենք, կոնկրետ գործընթացն ուսումնասիրենք, կտեսնենք, որ որոշումը կայացավ միանգամից՝ առանց ներգրավելու հասարակությանը, քաղաքացիներին, քաղաքացիական հասարակության ոչ մի մասի. որևէ առիթ չեղավ, որ նրանք իրենց ներդրումն ունենային այդ նախագծի մեջ, միանգամից ներկայացվեց պատրաստի փաստաթուղթը, որ ընդունեն կամ չընդունեն՝ առաց որևէ ասելիք ունենալու դրա բովանդակության մեջ: 

Ծանոթանալով տարբեր կետերին, նաև ներկա գտնվելով տարբեր զրույցների, կարդալով վերլուծություններ՝ ես հասկացա, որ այնտեղ շատ վտանգավոր կետեր կան, մասնավորապես, մարդու իրավունքների և հավաքների հետ կապված: 

Ինչպես նաև բարոյականություն բառը, լինելով Սահմանադրության մեջ, արդեն մեծ վտանգ է ներկայացնում: Ո՞վ է որոշում՝ ինչ է բարոյականությունը, ո՞վ է որոշում՝ ինչն է բարոյական, ինչը՝ ոչ: Այսինքն՝ այդ ամենն առիթ է տալիս պետությանը՝ որոշելու արժեքները, ըստ նրանց անձնական կարծիքի է որոշվում բարոյականությունը: 

Դա շատ վտանգավոր է, մասնավորապես, կազմակերպությունների համար, հատկապես նրանց, որոնք աշխատում են կանանց իրավունքների ոլորտում, գենդերային հարցերով, որոնք արդեն իսկ հասարակության մեջ թե՛ պետական, թե՛ ոչ պետական սեկտորի կողմից փորձում են մեկուսացվել: Հասարակությունն արդեն իսկ շատ անգամ դժվար է ընդունում կարևոր արժեքներ, ու եթե Սահմանադրության մեջ էլ գրենք՝ բարոյականություն, դրա սահմանումն էլ թողնենք իշխանությանը… Դրա մեջ շատ մեծ վտանգ եմ տեսնում և չեմ կարծում, որ բարոյականություն բառը տեղ պետք է ունենա Սահմանադրության մեջ: 

Լինելով կին և կանանց իրավունքների ոլորտում աշխատելով՝ նշեմ, որ այս նախաձեռնությունը ևս մի քաղաքական նախաձեռնություն է, որի մեջ կանայք ընդհանրապես ոչ ներգրավված են, ոչ էլ իրենց ասելիքն ունեն, և սա այն դեպքում, երբ նրանք կազմում են մեր հասարակության հիսուն տոկոսից ավելի մասը: Կանայք արդեն իսկ քաղաքական ոլորոտում, քաղաքական որոշումներում չկան և այս նախաձեռնության մեջ նույնպես չկան: Դա շատ կարևոր հարց է: