Գործող Սահմանադրության համեմատությամբ գրեթե յուրաքանչյուր դրույթում նահանջ կա. Երվանդ Վարոսյան

VarosyanNopasaran.am-ի զրուցակիցն է փաստաբան Երվանդ Վարոսյանը

– Պարո՛ն Վարոսյան, ինչո՞ւ եք դեմ սահմանադրական փոփոխություններին: 

– Դեմ եմ առաջին հերթին այն պատճառով, որ այս պահին Հայաստանում նոր Սահմանադրության ընդունման օբյեկտիվ անհրաժեշտություն չեմ տեսնում: Առավել կարևորում եմ, որ գործող Սահմանադրությունը, ի վերջո, սկսեր գործել: Բացի այդ, մարդու իրավունքները սահմանող գլխում ակնհայտ նահանջ կա, գրեթե յուրաքանչյուր դրույթում նահանջ կա՝ գործող Սահմանադրության համեմատությամբ: Ինչպես նաև խիստ վտանգավոր եմ համարում կառավարման մոդելի փոփոխությունն՝ այն տեսքով, որ տեսքով առաջարկվում է նոր Սահմանադրության նախագծում: 

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե սահմանադրական փոփոխությունները, այնուամենայնիվ, անցնեն

– Որևէ լավ հեռանկար չեմ տեսնում: Կարծում եմ, որ էլ ավելի կարմատավորվի միակուսակցական կառավարման համակարգը: 

– Իսկ ի՞նչ կասեք ձեր գործունեության ոլորտում սպասվող փոփոխությունների մասին: 

– Բնականաբար, մեր ոլորտն էապես կախված է լինելու դատական համակարգից, առանցքը դատական համակարգն է, իսկ դատական համակարգի ձևավորումը փոխանցելով էլի մեկ քաղաքական ուժի` դատական համակարգի անկախությունը, բնականաբար, ավելի հեռու տեսլական կդառնա, քան այսօր է: 

– Ի՞նչ է պետք անել, որպեսզի սահմանադրական փոփոխությունները չանցնեն: 

– Կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հստակ կողմնորոշվի և իր ասելիքն ասի հանրաքվեի ժամանակ: