Դաշնակցության հիմնավորումները ծիծաղելի են. Արմեն Գրիգորյան

timthumb (1)Իրենք են իշխանության կցորդը և Սերժ Սարգսյանի վերարտադրության համար նախատեսված Սահմանադրության համար են պայքարում: NewsBook-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով վերջերս ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի այն դիտարկմանը, ըստ որի՝ ոչ թե իրենք են միացել իշխանությանը, այլ իշխանությունն է միացել ՀՅԴ-ին: 

«Սա Սերժ Սարգսյանի վերարտադրության Սահմանադրությունն է, և երբեք իշխանությունը չէր կարող միանալ դաշնակներին, հակառակը՝ դաշնակներն են միացել վերարտադրության համար պայքարին»,- նշեց Արմեն Գրիգորյանը: 

Վերջինիս դիտարկմամբ՝ այն, որ Դաշնակցությունը մինչև 2012 թվականը խորհրդարանում ունեցել է 15 պատգամավոր, 2012-ից հետո հինգ պատգամավոր, դա ցույց է տալիս նաև հանրության վերաբերմունքն իրենց հանդեպ: 

«Իրենք ոչ միայն հանրային հենարան չունեն, այլև պարզ չէ՝ հաջորդ ԱԺ-ում լինելո՞ւ են, թե` ոչ: Հայտարարությունը, թե իշխանությունն է իրենց միացել, ծիծաղ առաջացնող հիմնավորում է»,- նկատեց քաղաքագետը: 

Իսկ հարցին, թե ո՞րն է, առհասարակ, Դաշնակցության շահագրգռվածությունը, որ այսպես ակտիվորեն «այո» է քարոզում, Արմեն Գրիգորյանն ընդգծեց, որ նման շահագրգռվածության համար մի քանի գործոն կարող է լինել: 

«Դրանցից մեկը, կարծում եմ, այն է, որ դաշնակները հասկացել են, որ գրեթե ռեսուրս չի մնացել: Եթե անցած ԱԺ-ում իրենք ներկայացած էին 12 պատգամավորով, ու հիմա ներկայացած են 5-ով, և հանրային վերաբերմունքն էլ այդ կուսակցության հանդեպ շարունակական է՝ հանրային հենարան չունեն, ապա իրենք հասկանում են, որ սա իրենց համար կարող է վերջին շանսը լինել: Եվ, փաստորեն, օգտվում են այդ շանսից: Հնարավոր է նաև, որ ֆինանսական եկամուտներ ունենալու համար են այդ պայքարը տանում ու այդ ճանապարհով գնում»,- պատասխանեց մեր զրուցակիցը: 

Նա նկատեց, որ պետք է հասկանալ, որ մի գործոն էլ կա. «ՀՅԴ-ում մի հոգի է որոշում կայացնում: Որքան էլ որ խոսում են իրենց կոլեգիալ որոշումների մասին, իրականում՝ այդպես չէ, մի հոգի որոշում է կայացնում: Այդ մի հոգին Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվում է, մնացածն էլ կատարում են այդ պայմանավորվածության քաղաքական գիծը»,- ասաց նա: 

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ՀՅԴ-ի շահագրգռվածության հիմնական գործոնները հենց անհատական և անձնական շահերն են: 

«Բայց միանշանակ է, որ այս նոր Սահմանադրությունից Դաշնակցությունը որևիցե բան չի շահելու: Այն, որ մնացել է կայուն մեծամասնության 89-րդ հոդվածը, դա նշանակում է, որ դաշնակցականների նման փոքրամասնությունների համար դա արդեն մեծ խնդիր է»,-եզրափակեց Արմեն Գրիգորյանը: