Ուզում են 70%-ով կրճատել իմ իրավունքներն ու ինձ դարձնել կիսատ ու վիրավոր քաղաքացի. Արմեն Մարտիրոսյան

armen9Nopasaran.am-ի զրուցակիցն է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը 

– Պարո՛ն Մարտիրոսյան, դուք հրապարակավ դեմ եք արտահայտվել սահմանադրական փոփոխություններին: Ի՞նչն է այս գործընթացում ձեզ մտահոգում: 

– Ես վատ եմ վերաբերվում սահմանադրական փոփոխություններին, քանի որ եթե իմ՝ քաղաքացու կարծիքն իշխանության ձևավորման հարցում այժմ ես կարող եմ արտահայտել 5 տարվա մեջ երկու անգամ՝ նախագահական և Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, ապա եթե այս փոփոխություններն անցնեն, ես իմ կարծիքը կկարողանամ արտահայտել ընդամենը մեկ անգամ: Փաստորեն սահմանադրական փոփոխությունների նախագծով իմ ընտրելու իրավունքը երկու անգամ կրճատվում է: Առհասարակ ես չեմ տեսնում այդ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը: Բացի այդ՝ ես այդ փոփոխությունների նախագծում լուրջ վտանգ եմ տեսնում՝ կապված Հայաստանի պաշտպանության ոլորտի հետ: 

Մի խոսքով՝ վտանգ պարունակող փոփոխությունների փաթեթ է, որը ձեռնտու չէ ոչ միայն ազնիվ քաղաքացիներին, այլ նաև ընտրակաշառք վերցնողներին ու տվողներին, այսինքն՝ ընտրակեղծարարներին: Բնական է, որ ընտրակաշառք բաժանողներն այդ կաշառքի կեսն իրենց են վերցնում: Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում կաշառք տվողները 5 տարվա մեջ մեկ անգամ են կաշառքի կեսն իրենց վերցնելու, իսկ ընտրակաշառք ստացողները մեկ անգամ են ստանալու: Այսինքն՝ ստացվում է, որ ամբողջ հանրությանը ձեռնտու չեն այս սահմանադրական փոփոխությունները՝ թե՛ ընտրակեղծարարներին, թե՛ կեղծիքների դեմ պայքարողներին: 

– Ձեր կարծիքով՝ այդ կաշառք տվողները, կաշառք ստացողները, ինչպես նաև հասարակության մյուս շերտերը կարո՞ղ են գիտակցել այն վտանգները, որոնց մասին դուք, և ոչ միայն դուք, բարձրաձայնում եք. սահմանադրական փոփոխությունների տեքստը հասկանալի՞ է ՀՀ քաղաքացուն: 

– Կաշառք տվողներին ու ստացողներին բավական է ասել, որ իրենց եկամուտները կրճատվելու են ու նրանք դեմ կլինեն փոփոխություններին: 

– Պարո՛ն Մարտրոսյան, դուք լրջագույն խնդիր եք համարում այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխությունների նախագծում ընտրությունների թիվը կրճատվում է: Ժողովրդավարության զարգացման հարցում ընտրությունները կարևորագույն գործոն են, սակայն քաղաքացին կարող է ձեզ հակադարձել ու ասել, որ մինչ այժմ, երբ 5 տարվա մեջ երկու ընտրություններ են անցկացվել, իր խոսքը, միևնույնն է, չի անցել, հետևաբար՝ ի՞նչ տարբերություն, թե քանի անգամ իր կամքը հաշվի չի առնվի: 

– Ես ուզում եմ հիշեցնել, օրինակ, Գանդիների ընտանիքի զոհաբերությունը հանուն Հնդկաստանի  ժողովրդավարության և պետականության կայացման: Իսկ ո՞վ է ասել, պարոնա՛յք, որ քաղաքականությունը և առավել ևս՝ նախագահի պաշտոնը հարստանալու և ուրիշներին հարստահարելու համար է: Նախագահի պաշտոնն, օրինակ, պետք է ընկալվի որպես զոհարբերություն, իսկ եթե դուք պատրաստ չեք այդ զոհողությանն, ուրեմն մի՛ համարձակվեք քաղաքականություն մտնել: Քաղաքականությունը շատ մաքուր դաշտ է, որպեսզի դուք ձեր ցեխոտ կոշիկներով այնտեղ մտնեք ու հետո էլ քաղաքականությունն անվանեք պոռնկություն: Այդ պոռնիկներն են, որ քաղաքականությունն անվանում են պառնկություն: Իսկ քաղաքականությունն այնքան մաքուր դաշտ է, որ եթե երկրի նախագահի տիկինը մեկ տոկոս ավելի ցածր տոկոսադրույքով վարկ է վերցնում, դա դառնում է նախագահի հրաժարականի պատճառ. սա կայացած դեմոկրատիան է Գերմանիայում, որովհետև այնտեղ քաղաքականության մեջ մաքուր մարդիկ են և քաղաքականության մեջ պահանջներ ներկայացնողները ևս մաքուր մարդիկ են: Իսկ Հայաստանում շատ-շատերը, որոնք հայտնվում են քաղաքականության մեջ, պոռնիկներ են: 

– Պարո՛ն Մարտիրոսյան, դուք նկատի ունեք, որ ձեր նշած այդ մաքուր քաղաքականությունը  զոհողություններ է պահանջում, և ինչպես քաղաքական գործիչներն, այնպես էլ քաղաքացիներն առանց որոշակի զոհողությունների չե՞ն կարող քաղաքականության ոլորտում հաջողությունների հասնել: 

– Այո՛, իհարկե, քաղաքական պրոցեսները, այդ թվում՝ ընտրությունները շատ լուրջ պրոցեսներ են: Դուք մտածե՞լ եք, թե ինչու են ՀՀ քաղաքացիները լքում Հայաստանը, գնում, այլ երկրներում աշխատում ու նույն գումարը ստանում: Օրինակ՝  Ռուսաստանն ավելի լավ ու արդար երկիր չէ, քան Հայաստանն, ուղղակ այնտեղ գնացող հայերը պատասխանատվության զգացում չունեն, որովհետև նրանք այնտեղ ընտրելու իրավունք չունեն: Ընտրությունը մեծ պատասխանատվություն է: Ընտրությունը չի ավարտվում այն պահին, երբ դու քո ձայնն ես տալիս այս կամ այն ուժին կամ անձին՝ քո համոզմունքներին համապատասխան: Դու հետո պիտի տեր կանգնես քո ձայնին: Եթե դու կասկածում ես, որ կեղծիք է եղել, ապա պիտի պահանջես, որ դա բացահայտվի, եթե կարծում ես, որ ֆարս է իրականացվել, ուրեմն պիտի պահանջես, որ նոր ընտրություններ լինեն… Դուք նկատե՞լ եք՝ այսօր տարբեր պաշտոնյաներ, հեռուստատեսությամբ և զանգվածային լրատվության այլ միջոցներով ՀՀ քաղաքացու մասին խոսելիս, ասում են՝ ազգաբնակչությունը, բնակիչները: Բնակիչը դո՛ւք եք, մենք քաղաքացի ենք: Այ, երբ դու դառնում ես քաղաքացի, այդ ժամանակ դու ընտրելու իրավունք ես ստանում ու պատասխանատվություն կրում ընտրությունների համար: 

– Պարոն Մարտիրոսյան, որո՞նք կլինեն հետևանքները, եթե սահմանադրական փոփոխություներն անցնեն: 

– Դուք, հավանաբար, գիտեք, թե ինչպիսին էր Սովետական Միությունը. այնտեղ ղեկավարը պետք է մեռներ կամ սպանեին: Այդ էր պատճառը, որ Ստալինին ոչ ոք չօգնեց, երբ նա հատակին ընկած էր: Երկրորդ տարբերակն այն է, որ պետք է Բրեժնևի նման ծերանա ն այնքան, մինչև մահանան, իսկ երրորդ տարբերակը հոկտեմբերի 27-ն է: Երբ դու քաղաքական դաշտը փակում ես, այս երեք տարբերակներն են գործում, բայց ես իմ պետության համար այդ տարբերակներից ոչ մեկը չեմ ցանկանում: Երբ դու քաղաքական դաշտը փակում ու ընտրակեղծիքներ ես անում, մարդիկ հասկանում են, որ այլ տարբերակ չկա: Ամեն անգամ, երբ ես տաքսի եմ նստում, տաքսիստն ասում է՝ տղա՛ ջան, դու լավ բաներ ես ասում, բայց իրենց հետ պետք է իրենց ձևով վարվել: Բայց ես չեմ ցանկանում իրենց հետ իրենց ձևով վարվել, որովհետև ինչպե՞ս կարելի է վարվել այն ձևով, որից ինքդ ես դժգոհում: Պետք է Հայաստանում քաղաքական ճանապարհով իշխանափոխության հասնել: Իսկ քանի դեռ դա չի եղել, մեզ մոտ ոչ մի լավ բան չի լինելու: Մեզ մոտ տնտեսական աճ չի լինելու, արտագաղթը չի կանգնելու, ներգաղթ չի սկսելու, դեմոկրատական արժեքները տանուլ են տալու, մարդիկ նսեմանալու են, կռանալու են: Ես սա չեմ ցանկանում իմ ոչ մի քաղաքացու համար: Պետք է մեկ անգամ կանգնել և այլևս չկռանալ: 

– Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները պնդում են, որ սահմանադրական փոփոխությունները հենց ձեր կողմից կարևորվող իշխանափոխության հնարավորությունը տալիս է ժողովրդին: 

– Երբ հարկային տեսչության հանգստյան տանը թանկ հայելի են գնում, հարկերը վատնում, սահմանադրական փոփոխությունների նախագծով դա արգելվո՞ւմ է, թե՞ ներկայիս սահմանադրությունը ընտրակաշառքներ բաժանելու և ցուցարարների վրա կրակելու իրավունք է տալիս և նոր սահմանադրությունն այդ իրավունքը չի տալու: Պարզապես պետք է հասկանալ, որ սահմանադրական փոփոխություններն ընդամենը լուծում են այն հարցը, որ երկրի ղեկավարը կարողանա հավերժ իշխել, ինչպես նաև այդ փոփոխություններով նսեմացվում են իմ՝ ՀՀ քաղաքացուս իրավուքները: Մինչդեռ ես ուզում եմ, որ տարբեր լծակներ լինեն ու քաղաքական ուժերն «իրար ուտեն»՝ ինձ հաճոյանալու համար, իմ ձայնի կշիռն ավելանա, այլ ոչ թե ես ունենամ, օրինակ, «անգլիայի թագուհի» նախագահ: Իրենք մոտ 70 %-ով ուզում են կրճատել իմ իրավունքներն ու ինձ դարձնել կիսատ ու վիրավոր քաղաքացի: Բա դա ինձ պե՞տք է: Իրավունք ունե՞մ չուզելու: Ունեմ: Իրավունք ունե՞մ չուզելու, որ իմ իրավուքներն ինձնից սահմանադրորեն չխլեն: Չե՛մ ուզում խլեն: Պետք չէ մեզ ձեր սահմանադրությունը: