Նոր սահմանադրության նախագիծն այլ պետությունների համար նոր հնարավորություններ է ստեղծում՝ Հայաստանի ներքաղաքական կյանքը վերահսկելու. Միքայել Զոլյան

mikaNopasaran.am-ի զրուցակիցն է քաղաքագետ, փորձագետ Միքայել Զոլյանը:

Պարո՛ն Զոլյան, քաղաքական տեսակետից որո՞նք են ամենավտանգավոր դրույթները, որոնք դուք տեսնում եք սահմանադրական փոփոխությունների նախագծում:

– Ամենավտանգավոր փոփոխությունը, որն իր հետ կբերի այս նոր սահմանադրությունը, խորհրդարանական մեծամասնության ձևավորման կարգն է, որը հնարավորություն կտա դե ֆակտո վերացնել ընտրությունների ինստիտուտը Հայաստանում, քանի որ այն կարգը, որն ամրագրված է սահմանադրության նախագծում, Հայաստանի պայմաններում իշխող կուսակցությանը հնարավորություն կտա մշտապես իր իշխանությունը պահպանել: Եթե մենք նայում ենք պատմությունը, նախագահական ընտրությունները Հայաստանում կեղծելու իմաստով միշտ ամենադժվար ընտրություններն են եղել: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ միշտ վարչական ռեսուրսն ավելի էֆեկտիվ է գործել, իսկ նախագահականի ժամանակ ամեն ինչ ավելի բարդ է եղել, և չնայած իշխանություններն էլի իրենք իրենց հաղթող են հայտարարել, ամեն անգամ մազից է կախված եղել նրանց իշխանությունը.  ժողովուրդն ընդվզել  է, ընդդիմությունը՝ համախմբվել, այսինքն՝ նախագահական ընտրություններն իշխանությունների համար միշտ գլխացավանք են եղել, ուստի թեև ՀՀԿ-ական պատգամավորներն ասում են, որ ուզում են ժողովրդին ազատել այդ գլխացավանքից, իրականում իրենք իրենց են ազատում:

Ես ուզում եմ անդրադառնալ մեկ այլ կարևոր խնդրի: Նոր սահմանադրության նախագիծն այլ պետությունների համար նոր հնարավորություններ է ստեղծում՝ Հայաստանի ներքին քաղաքական կյանքը վերահսկելու: Տեսեք՝ ինչպես: Եթե այժմ կա նախագահի ինստիտուտ, որը զբաղեցնող քաղաքական ուժը պարտադիր պետք է հայաստանյան ծագում ունենա, ապա սահմանադրության նոր նախագծով կա վարչապետ, որին ընտրում է խորհրդարանը, և շատ հավանական է, որ մեզ մոտ լինի այնպես, ինչպես Վրաստանում է, երբ ամենաազդեցիկ մարդը պաշտոն չունի, իր մտերիմներից մեկին նշանակել է վարչապետ, մեկ ուրիշը դարձել է նախագահ, և ինքը, փաստորեն, որևէ պատասխանատվություն չի կրում: Մեզ մոտ էլ կարող է նույնը տեղի ունենալ, ընդ որում՝ այդ մարդը, որը հնարավոր է՝ լինի ամենաազդեցիկը, կարող է չլինել Հայաստանի քաղաքացի կամ չապրել Հայաստանում: Մենք արդեն մի քանի ֆիգուրների տեսանք, որոնք Հայաստանի հետ կապված որոշակի հավակնություններ ունեն: Նրանք կարող են  ֆորմալ առումով անգամ պատգամավոր չլինել, այլ ստեղծել մի քաղաքական ուժ, որն իր ռեսուրսներն օգտագործելով՝ կարող է մեծամասնություն կազմել, ապա իրենց մերձավորներից մեկին կարող են նշանակել վարչապետ և այդպես ղեկավարել երկիրը: Կամ էլ այսօր եղած մեծանասնությունը կարելի է առնել, և նրանք կնշանակեն այն վարչապետին, որն իրենց ձեռնտու է: Ես կարծում եմ, որ այսօրվա իշխանություններն անգամ չեն գիտակցել այդ վտանգները, երբ գրում էին սահմանադրության տեքստը: Նրանց համար փոփոխությունները գրելիս կարևոր էր հայաստանյան ընդդիմության համար ճանապարհ փակելը, բայց իրականում նրանք ընկան հենց իրենց սարքած ծուղակը, որից իրենց համար դժվար կլինի  դուրս գալը: 

– Կառավարման համակարգի փոփոխությունը ենթադրում է մի շարք այլ փոփոխություններ, իշխանության ներսում վերադասավորումներԵթե սահմանադրական փոփոխություններն անցնեն, ապա առհասարակ ի՞նչ ապագա եք դուք տեսնում Հայաստանի համար: 

– Ես համոզված եմ, որ եթե անգամ այս սահմանադրությունն անցնի, այն երկար չի պահպանվի: Եթե անգամ ընդունենք, որ խորհրդարանական կառավարման համակարգը Հայաստանի համար լավ է, միևնույնն է՝ այս նոր սահմանադրության տեքստում այնքան խնդիրներ կան, որ այն նորից խմբագրելու, փոփոխելու անհրաժեշտություն լինելու է հենց առաջին մի քանի տարիների ընթացքում: Ես չեմ ցանկանում խորանալ կոնկրետ սահմանադրության տեքստի մեջ, քանի որ եթե անգամ դա հիանալի տեքստ լիներ, միևնույնն է՝ ներկա իշխանությունը որևէ հանրության շրջանում վստահելիություն չունի, որպեսզի իրեն թույլ տար նման լուրջ նախաձեռնությամբ հանդես գալ: 

– Դուք սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին խոսելիս՝ հնարավոր լուրջ քաղաքական գործընթացներ ու փոփոխություններ եք մատնանշում, որոնք դժվար թե պարզ լինեն ընտրության գնացող ՀՀ շարքային քաղաքացու համար: Ինչպե՞ս պիտի քաղաքացին մասնակցի հանարաքվեի՝ հատակ պատկերացում չունենալով, թե իրեն ինչ է սպասվում դրանից հետո: 

– Որքան էլ մենք քննադատում ենք ՀՀ քաղաքացիներին, նրանց մի ստվար զանգված շատ լավ հասկանում է, թե ով է ստում և ով՝ ոչ: Այս իմաստով «այո»-ի քարոզչությունն ակնհայտորեն որևէ տրամաբանություն չի պարունակում: Միանգամայն պարզ է միայն, որ մարդկանց առաջարկում են «այո» ասել իշխող կուսակցությանն ու այսօր Հայաստանում իշխող անձին, որի նկատմամբ քաղաքացիների մածամասնության կարծիքը, ես ինձ թույլ կտամ ասել, բացասական է: 

– Ո՞րն է այդ բացասական վերաբերմունքը ցույց տալու լավագույն տարբերակը:  Ձեր կարծիքով՝ միայն իշխանությունների հավերժ իշխելու պլանի մասին իմանալը բավակա՞ն է, որ ժողովուրդը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «ոչ» ասի:

– Դա բավական է, որ «այո» չասի: Ժողովուրդն «այո» չի ասի, սակայն կա մեկ այլ խնդիր. մարդկանց մոտ այսօր հուսահատություն կա, և շատերն ընդհանրապես չեն պատրաստվում մասնակցել հանրաքվեի: Այդ պայմաններում վարչական ռեսուրսն իշխանությունները կարող են օգտագործել ի նպաստ իրենց: Եթե իշխանությունը մոբիլիզացնի այն մարդկանց, որոնք այս կամ այն պատճառով շահ ունեն գնալու ընտրությունների և «այո» քվերակելու, իսկ այն մարդիկ, որոնք իշխանությունների նկատմամբ բացասական վերաբերմունք ունեն, չգնան հանրաքվեի, ապա, իհարկե, «այո»-ն կարող է հաղթել: Իսկ եթե մարդիկ գնան հանրաքվեի և քվերակեն, «ոչ»-ը գերակշիռ է լինելու: Իսկ թե ինչ կանի ժողովուրդը, պարզ կլինի հանրաքվեի վերջին մի քանի օրվա ընթացքում:

Կարևոր է նաև փաստել, որ իշխանությունների «այո»-ի քարոզչությունն իրենց համար հակառակ էֆեկտն է ունենում, քանի որ հետևելով, օրինակ, սոցիալական ցանցերում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկաւմներին, ես հասկանում եմ, որ եթե մինչև հիմա կային մարդիկ, որոնց հանրաքվեն չէր հետաքրքրում և ընդդիմության փաստարկները նրանց վրա չէին ազդում, ապա իշխանության «այո»-ի քարոզաշավը նրանց վրա հակառակ ազդեցությունն է ունեցել և նրանք ակտիվորեն սկսել են այդ ամեն ինչի մասին մտածել, խոսել ու բարձրացնել «ոչ»-ի պաստառներ: