Այս նախագծով իշխանությունները ցանկանում են սերնդափոխությունը վերցնել իրենց հսկողության տակ. Գեմաֆին Գասպարյան

Սահմանադրական փոփոխությունների նախագծին «ոչ» ասելու բազմաթիվ պատճառներ կան՝ պետության կառավարմանը քաղաքացիների մասնակցության նվազեցումը, մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումները, պետության կողմից սոցիալ-տնտեսական իրավունքները (առողջությունը պահպանելու իրավունքը, սոցիալական ապահովության իրավունքը, աշխատանքի ընտրության ազատության իրավունքը և այլն) այլևս սահմանադրորեն պաշտպանված չեն լինելու: Այս և այլ դրույթները առավել լավ ներկայացրել են մասնագետները, մասնավորապես՝ Բուն TV-ի եթերում: 

Գեմաֆին Գասպարյան
Գեմաֆին Գասպարյան

Ես ուզում եմ խոսել պատասխանատվության և դրական փոփոխության հնարավորության մասին: Արդյունավետ կառավարման գլխավոր պայմաններից է որոշումների կայացման և այդ որոշումների արդյունքներից բխող պատասխանատվության համապատասխանությունը: Նախագծում իշխանության թևերի միջև իրավունքերի, պարտականությունների և պատասխանատվության հաշվեկշիռը խախտված է և իրականության մեջ որոշում կայացնողը (ԱԺ-ում կայուն մեծամասնություն ունեցող կուսակցության գլխավոր մարմինը, կուսաակցության ղեկավարը) որևէ, նույնիսկ՝ ֆորմալ պատասխանատվություն չի կրում արդյունքների համար, ինչն էլ տրամաբանորեն հանգեցնելու է կառավարման համակարգի կոլեկտիվ անպատասխանատվության (պատահական չեն Ղարաբաղյան կոնֆլիկտի հանգուցալուծման հետ կապված որոշ փորձագետների դիտարկումները): 

Տեղի է ունենում սերնդափոխություն, և որքան էլ վարչատնտեսական ռեսուրսները հիմնականում կենտրոնացված են մեկ քաղաքական միավորի (մեկ անձի) ներքո՝ ձևավորվում են անկախ խմբեր, գնալով դժվարանում է իշխանության վերարտադրությունը, այդ խմբերի ինքնաձևակերպումը և հանրային հայտ ներկայացնելը ժամանակի հարց է: Իշխանություններն այսօր դեռ ունեն վարչատնտեսական մեծ ներուժ: Այս նախագծով, կարծում եմ, ցանկանում են սերնդափոխությունը վերցնել իրենց հսկողության տակ և իշխանությունը ժառանգել իրենց երեխաներին՝ ՀՀԿ երիտթևին: 

Եվ վերջում. ասում են՝ ՀՀԿ-ն գալիք ընտրություններում վերարտադրվելու խնդիր չունի (համարենք՝   չունի), բայց Սերժ Սարգսյանը չի կարող մնալ նախագահ, Սերժ Սարգսյանը իշխանություն պահելու խնդիր ունի, ժառանգորդի հարցն էլ առկախված է, ՀՀԿ տարբեր թևերի միջև չկա կոմպրոմիս հաջորդ նախագահի հարցում (գործող սահմանադրության համատեքստում), և որպեսզի ՀՀԿ ներկուսակցական մրցակցությունը ազատ դաշտ բացի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում, անհրաժեշտ է «ոչ» ասել այս փոփոխություններին, քանի դեռ հարցնում են: