Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Asparez.am-ում նյութ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև: 

«Սերժ Սարգսյանը ամեն ինչ դնում է իր սահմանադրության անցկացման եւ դեկտեմբերի վեցին «այո» ձեւակերպելու համար: 

Մոբիլիզացվել է երկրի ամբողջ վարչական-բյուջետային ապարատը, պետական եւ համայնքային բոլոր գլխավոր պաշտոնյաներին ներգրավել են «այո» քարոզի շտաբներում, մոբիլիզացրել են 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների հնարավոր թեկնածու ախոյաններին` իրար հետ այս գործով մրցել տալով ապագայում ավելի բարձր դիրքի հանելու համար, ավագանու հավատարիմ եւ ազդեցիկ անդամներին ու օլիգարխների բիզնես համակարգերն են մոբիլիզացրել այդ նպատակով, քրեական հեղինակությունների մի մասին են մոբիլիզացրել, որոնք առաջ էլ են շահավետ կերպով համագործակցել իշխանությունների հետ, վարչական ռեսուրսի չարաշահմամբ բոլոր հնարավոր եղանակներով բացահայտ ու ծածուկ քարոզչություն են իրականացնում, իշխանության հավատարիմ հազարավոր մարդիկ ցուցակներ են ճշտում` մանրամասնորեն սանրելով Հայաստանի Հանրապետությունը` ով որտեղ է ապրում, քանի տարի են բացակա հարազատները երկրից, նույնականացման քարտերն են մեյդան բերել, որոնցով մոտ կես միլիոն մարդ իրավունք է ստացել քվեարկել միայն դեմքով լուսանկարի հետ նույնակացանելու հիման վրա: 

Ս.Սարգսյանը գիտեր եւ հիմա էլ, ժամանակի առաջ գնալու հետ համոզվում է, որ պահեստային պլանը թույլ է, «այո»-ի ձախողման դեպքում հարմար նախագահացու չունի` իրեն հաջորդելու համար, թեպետ 2017-ի մայիսի խորհրդարանական ընտրություններում կարող է նորից կեղծիքներով նվաճել իր երազած կայուն մեծամասնությունը ու փորձել ինչ-որ նախագահացու աճեցնել այնուամենայնիվ, իսկ եթե չստացվի, ապա` 2018-ին ոչ իր ճամբարից ընտրվելիք հնարավոր նախագահի կյանքը թունավորել հանրապետական մոլեռանդ մեծամասնական խորհրդարանով: Եւ այս անցանկալի սցենարի դեմն առնելու համար դատապարտված է ամեն ինչ դնել հանրաքվեն իրենով անելու համար: 

Առայժմ դժվար է ասել` ինչ կստացվի արմատական դիրքորոշված քաղաքական-քաղաքացիական ուժերի համախմբության` «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի դեկտեմբերի մեկի հանրահավաքից, կլինի՞ արդյոք համաժողովրդական այնպիսի համախմբում, որ դեկտեմբերի մեկի հանրահավաքը շարունակվի հաջորդ օրերին, կկարողանա՞ ճակատը նորանոր խմբեր միավորել իրեն, կբոցավառվի՞ արդյոք իշխանափոխության աննախադեպ զորության շարժում, որն հանգեցնի իշխանության իրական նահանջի եւ կամ հանրաքվեից հրաժարման, կամ հանրաքվեի ձախողման, այնպես, որ հանձնաժողովները ուղղակի կաթվածահարվեն, ջլատվեն ու չաշխատեն, իսկ ընտրողներից ռեժիմի գերիները, որոնք բյուջետային եւ հարակից թելերով կապված են իշխանական համակարգին, ուժ գտնեն իրենց մեջ ու հրաժարվեն մասնակցել Ս.Սարգսյանի սահմանադրական կրկեսին: Գուցե. քաղաքականությունը անկանխատեսելի բաներ ունի անպայման: 

Չբացառելով այդ սցենարը` բոլոր նրանք, ովքեր հասկանում են հանրապետական ոհմակի` իշխանությունը պահելու ավելի կենսունակ սխեմայի խափանման անհրաժեշտությունը, պարտավոր են համախմբել ջանքերը: Չհամախմբելու կամ ձեւական համախմբման, իրարից զատ ու ջլատ գործողությունները բացի այն, որ վկայելու են Սերժ Սարգսյանի կլանի զորությունը, Հայաստանը մերձավտորիտար ռեժիմից մտցնելու են ավտորիտար համակարգ, երբ մարդու ազատությունները շոշափելիորեն կրճատվելու են, քրեակուսակցական կլանը դառնալու է ներքին կյանքում ավելի ազդեցիկ ու թելադրող, ինչի արդյունքում սրվելու են երկրի առաջ ծառացած մարտահրավերները, եւ լրջորեն տուժելու է երկրի առանց այն էլ թուլացած կենսունակությունը: 

Ակնհայտորեն, շատ բարդ է Սերժ Սարգսյանին ընդդիմացող քաղաքական եւ քաղաքացիական խմբերի վիճակն այն իմաստով, որ երկու տասնամյակ իշխանություններին հաջողվել է հետեւողականորեն թուլացնել երկիրը, հասարակությունը եւ դրանցով` քաղաքացիական հասարակությունն ու քաղաքական ուժերը: Իշխանությունները կարողացել են մեր փողերով ուռճացնել իրենց ենթակա համակարգն ու ապարատը մի կողմից, մյուս կողմից՝ համակարգային կոռուպցիայի միջոցով կուտակել հսկայական ֆինանսական, նյութական ռեսուրսներ, ինչն օգտագործում են ընտրություների ժամանակ եւ ինչից լրջորեն զրկել են իրենց ընդդիմացողներին. վերջին ակորդը այս սցենարում ԲՀԿ-ի ուծացումն էր եւ վերջնական ենթակայացումը կլանին: 

Հանրաքվեին մնացել է մոտ 17 օր, եւ ի՞նչ է հանում հասարակությունը ռեժիմի դեմ հանրահավաքներից ու հակաքարոզից բացի: ՀԱԿ կուսակցությունը հանրաքվեի 1997 տեղամասային հանձնաժողովներից ներկայացուցիչ չի նշանակել 245 տեղամասերում: «Ժառանգություն» կուսակցությունը հանրաքվեի 1997 տեղամասային հանձնաժողովներից ներկայացուցիչ չի նշանակել 118 տեղամասերում: Փաստացի սա է եղել այս կուսակցությունների կարողությունը, կարող էր ավելի վատ էլ լինել: Մի քանի հասարակական կազմակերպություն ունենալու են տարբեր տվյալներով ընդհանուր առմամբ 500-700 դիտորդ, հիմնականում` երկուական մարդ յուրաքանչյուր տեղամասում: ՀԱԿ-ի դիրքորոշումը մասնակցությունն ու «Ոչ» քվեարկությունն է, «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության դիրքորոշումը նույնն է: Ժառանգությունը ե՛ւ այս դիրքորոշումն ունի, ե՛ւ քաղաքացիական կոշտ անհնազանդության ճանապարհով է գնում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հետ: 

Իհարկե հատկանշական է Հայաստանի բնակչության ընդհանրական շոշափելի դժգոհությունը Սերժ Սարգսյանի կազմակերպած այս կրկեսի ու երկրի հիմնական խնդիրների հետ կապ չունեցող այս հորինովի, արհեստական օրակարգի հանդեպ, եւ, ամենայն հավանականությամբ, խոշոր համայքներում ժողովրդական ընդվզում է լինելու հանրաքվեի օրը, որն արտահայտվելու է պասիվ կամ ակտիվ բոյկոտով, իսկ մյուս կողմից, նրանց ովքեր չեն կարողանալու տեղամասեր գնալու համար իրենց վրա բանեցվող ճնշումներին դիմագրավել, գնալու են եւ պատվերի կամ հանձնարարության հակառակն են անելու՝ «այո»-ի փոխարեն «ոչ» են քվեարկելու կամ «այո» քվեարկելու հետ քֆուրներ են գրելու քվեարթերթիկների վրա, եթե կարուսելներ սարքեն ու իրենց ստիպեն ներս տանել քվեարկածը ու դուրս բերել մաքուր քվեաթերթիկը: 

Սակայն, ինչպես նախագահական նախորդ ընտրությունների եւ 2005-ի կեղծված հանրաքվեի ժամանակ է պատահել, իշխանությունները ուղղակի նկարելու են իրենց կամեցած ու 70-100-110 տոկոսանոց արդյունքները բոլոր այն տեղամասերում, որտեղ հանրային հսկողություն չի լինի, կամ հանձնաժողովների ընդդիմադիր անդամները թույլ կլինեն: Այժմ ընդդիմադիր ասելիս հասկանում ենք ՀԱԿ-ին եւ Ժառանգությանը, ՕԵԿ-ն եւ ՀՅԴ-ն նախկինում իրենց պահել են եւ հիմա ամենայն հավանականությամբ պահելու են որպես հեզաճկուն եւ հարմարվողական քաղաքական ուժեր, եթե այս վիճակը կարելի է ուժ համարել: 

Հիմա եկել է իսկության պահը, փաստորեն: Սերժ Սարգսյանը իր կամքից անկախ իսկապես ստուգատես է կազմակերպել, քննություն, հանրության եւ իր կլանի կարողությունների գոտեմարտ: Հիմա է, որ պիտի երեւա՝ Հայաստանում մնացե՞լ են բավարար թվով իսկական քաղաքացիներ, որոնք պատրաստ կլինեն հայրենիքի պաշտպանության ակտիվ ջանքը ներդնել տեղամասերում կեղծիքներ թույլ չտալու համար, թե՞ արդեն ուշ է` սպասենք հրաշքի: 

Հիմա պահն է, որ բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն ներգրավվելու տեղամասերում քվեարկության ընթացքի, քվեների հաշվարկի եւ արձանագրման աշխատանքներին, գրանցվեն այդ աշխատանքները անելու համար: 

ՀՀ գործող օրենսդրությունը քվեարկության քաղաքացիական ուժերի համար վերահսկողության երկու եղանակ է ընձեռում: Մեկը` դիտորդի կարգավիճակով որեւէ դիտորդական առաքելության կազմում, ինչի համար հարկավոր է քննություն հանձնել ու դիտորդի կարգավիճակ ստանալ ԿԸՀ-ից, մյուսը` զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցչի կարգավիճակով: Երկրորդ տարբերակի համար ԿԸՀ-ին քննություն հանձնելու եւ լիազորագիր ստանալու կարիք չկա, բավական է լինել ՀՀ գործող ԶԼՄ-ի կողմից լիազորված: Երկու դեպքում էլ հարկավոր է գիտելիքներ ունենալ, երկու տարբերակն էլ հնարավորություն են տալիս առավոտյան տեղամասերի բացման րոպեից մինչեւ քվեարկության արդյունքների ամփոփումն ու արձանագրումը (կախված ընտրողների թվից` մինչեւ 23:00-02:00), ապա արձանագրության կրկնօրինակը հանձնաժողովի նախագահից ստանալը անընդհատ, անընդմեջ մնալու տեղամասում եւ հսկելու այն ամենը, ինչ տեղի է ունենում այնտեղ, մոտավորապես 15-17 ժամ` կախված ընտրողների թվից: Մասնավորաբար, հետեւել, որ հանձնաժողովը քվեարթերթիկը տա հենց այն ընտրողին, ով կա մատյանում, հետեւի, որ քվեարթերթիկն ստացողը ստորագրի մատյանում հենց իր անվան դիմաց, որ չլցոնեն քվեատուփը, որ ամեն ինչ տեղի ունենա օրենքով նախատեսված կարգով, քվեների հաշվարկը պատշաճ կատարվի, ապա արդյունքները ճշգրիտ գրանցվեն արձանագրության մեջ: Սա հեշտ աշխատանք չէ, սակայն անհնարին էլ չէ: 

Տեղամասերում հնարավոր այլ դիտորդների եւ այլ հսկող աչքերի` հանձնաժողովականների հետ համագործակցությամբ հնարավոր է որակյալ հսկողություն իրականացնել եւ շոշափելի կերպով նվազեցնել կեղծիքները ու օրինազանցությունները: Այդպիսի արդյունավետ փորձ կա, բարեբախտաբար, հենց այսպիսի հսկողության արդյունքում է եղել, որ 2013 թ. ՀՀ նախագահական ընտրություններում մեկ տասնյակից ավելի քաղաքներում Ս.Սարգսյանը պարտվել է անգամ ԿԸՀ տվյալներով, եւ բոլոր այդ քաղաքներում արձանագրվել է մասնակիցների ցածր ցուցանիշ (40-50%), այդ տեղամասերում չեն կարողացել լցոնել կամ կեղծել ընտրությունների արդյունքները: Ինչո՞ւ հիմա անհնարին պիտի լինի այդպիսի վերահսկողությունը: 

Հիմա դիմում եմ բոլոր նրանց, ովքեր փորձ ունեն նման վերահսկողության, ովքեր դիտորդի վկայական ունեն ԿԸՀ-ից, բայց չեն ընդգրկվել որեւէ դիտորդական առաքելության մեջ եւ ընտրական հանձնաժողովներում ու կուզեն մասնացել այս բարդ եւ պատասխանատու գործին, առաջարկելով աշխարհազոր կազմել այս արհավիրքի դեմն առնելու համար: Նաեւ դիմում եմ նրանց, ովքեր չունեն դիտորդի կարգավիճակ, բայց կամք ունեն ընտրությունները վերահսկելու: 

Նրանք, ովքեր կկամենան մասնակցել այս վերահսկողական աշխարհազորին, խնդրում եմ դիմել ինձ: Բոլոր հնարավոր դեպքերում նրանց կտեղավորենք դիտորդական առաքելությունների մեջ կամ կլիազորեմ որպես «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցիչ: Բոլորի հետ հատուկ նախապատրաստական դասընթաց կկազմակերպվի, դասընթացները կկազմակերպվեն առերես կամ համացանցով` սկայպով կամ այլ եղանակով, բոլորը կստանան համապատասխան վկայականներ ու գիտելիքներ, կիմանան` ինչն ինչպես է հարկավոր վերահսկել, ինչպես ահազանգել, ինչ գործողություններ կատարել իրենց կամ այլոց նկատմամբ ոտնձգությունների եւ հարձակումների դեպքում, ինչպես վարվել ընտրակեղծիքների կամ ընտրական այլ հանցագործությունների հանդիպելիս: Պարտավոր եմ նշել, որ այս կոչը որեւէ ֆինանսական օժանդակություն չի նախատեսում, յուրաքանչյուր կամավոր ստիպված կլինի հոգալ իր (1) տրանսպորտի, (2) սննդի եւ (3) հեռախոսային ծախսերը այդ օրվա համար: 

Եթե իսկապես կարողանանք վերահսկել Հայաստանի բոլոր 1997 տեղամասերը կամ դրանցից մոտ 1500-ը, որտեղ 300-ից ավելի ընտրող կա, աննախադեպ արդյունքներ կկարողանանք գրանցել, հաշվի առնելով այն, որ մարդիկ ճնշող մեծամասնությամբ չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ մասնակցողների մեծ մասն էլ ցանկություն չի ունենալու Սերժ Սարգսյանի կլանի իշխանավարման երկարացման համար քվեարկել: 

Եթե կարողանում ենք պատշաճ վերահսկել, ռեժիմը վերարտադրման մեխանիզմի կատարելագործման այս գործիքից զրկվում է, քաղաքական ուժեղ ապտակ է ստանում, ինչը կսկսի տրամադրություններ փոխել երկրում եւ կարող է սկիզբ դնել համակարգային փոփոխությունների: Եթե չենք կարողանում վերահսկել այս քվեարկությունը, չափազանց բարդանալու է Հայաստանի երրորդ հանրապետությունը քաղաքացիների բարեկեցության երկիր դարձնելու հեռանկարը: 

Վերահսկման աշխարհազորին մասնակցելու ցանկություն ունեցողներին խնդրում եմ գրանցվել հետեւյալ եղանակներով. հեռախոս 0312 50622` զանգեք, թողեք ձեր անուն-ազգանունը եւ հեռախոսահամարը` Ձեզ գտնելու համար, կամ գրեք իմ էլեկտրոնային հասցեին` levon@asparez.am, կամ ֆեյսբուքում դիմելով ինձ. https://www.facebook.com/levon.barseghyan»,- գրել է Լևոն Բարսեղյանը: