Տեղի ունեցավ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների հանրահավաք

Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության համատեղ ուժերով այսօր անցկացվեց հանրահավաք` ընդդեմ սահմանադրական փոփոխությունների: Հանրահավաքին մասնակցում էին նաև «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության, «Ժառանգության», «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներ: 

«Չեք անցկացնի»-ի անդամ Արշակ Մուսախանյանն իր ելույթում քաղաքացիներին կոչ արեց դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ «ոչ» քվեարկել: 

«Մոտ 700 հազար «այո»-ի ապահովումն իշխանությունների համար բարդագույն խնդիր է: Գնալով ավելի ու ավելի ենք համոզվում, որ իշխանությունները սոցիալական որևէ հենարան չունեն: Նրանց վարկանիշը զրո է: Իսկ «ոչ»-ի համակիրների ակտիվ մասնակցության դեպքում, իշխանության վերարտադրության պլանը ուղակի կտապալվի: 

Պետք է գնալ քվեարկության, պետք է դեկտեմբերի 6-ը դարձնել Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու համաժողովրդական քվեարկության օր: 

Դրա համար մենք ունենք երկու պատճառ: 

Այս տարիների ընթացքում քաղաքացու նկատմամբ իշխանությունների կատարած ապօրինությունների, կամայականությունների, արհամարանքի, արժանապատվության նվաստացման դիմաց իշխանությունը պետք է պատժվի:

Իսկ դրանից ավելին՝ ես կառաջարեի քվեարկել ոչ այդքան ի պատիժ, որքան հանու՛ն… Հանուն մեր արժեքների, որոնց մասին չի խոսվում, հանուն իրավական, հանուն սոցիալական, հանուն ժողովրդավարական պետության:
Դեկտեմբերի 6-ին քվեարկի՛ր հանուն քո երազանքի, սիրելի քաղաքացի: Քեզ կարող են սպառնալ, կարող են ճնշել, կարող են արգելել, կարող են փակել բերանդ, բայց երբեք, երբեք չեն կարող արգելել երազել, երբե՛ք չեն կարող արգելել մտածել, դու արժեքներ, արժանապատվություն, երազանքներ ունեցող քաղաքացի ես:
Հանուն քո երազանքների, դեկտեմբերի 6-ին գնա քվեարկության, հանուն քո երազանքների 10 րոպեով դուրս արի տնից, հանուն քո երազանքների հանգիստ, վստահ, ժպիտով մտիր տեղամաս և գրչի մեկ հարվածով, ընդամենը գրչի մեկ հարվածով թռցրու՛ բռնապետին»,- իր ելույթում նշեց Մուսախանյանը: 

Հանրահավաքի ավարտից հետո քաղաքացիները երթով անցան Երևանի փողոցներով: