Քաղաքացուն դուրս են բերում իշխանություն ձևավորելու գործընթացից. Լիպարիտ Սիմոնյան

Nopasaran.am-ի զրուցակիցն է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը 

– Պարո՛ն Սիմոնյան, դուք փաստաբանների այն խմբի անդամ եք, ովքեր մշակել և հրապարկել են փաստաթուղթ՝ ուղղված Սահմանադրական փոփոխությունների նախագծի դեմ: Եթե ամփոփելու լինեք ձեր մտահագությունները՝ կապված այդ փոփոխությունների հետ, ապա ի՞նչն է, որ ձեզ ամենաշատն է անհանգստացնում այս նախագծում: 

– Ինձ մտահոգող ամենամեծ խնդիրները երկուսն են. ըստ էության դատարանը շարունակում է կախված մնալ գործադիր իշխանությունից և ժողովուդն անմիջականորեն չի մասնակցում երկրի կառավարմանը, քանի որ զրկվում է անմիջականորեն ընտրելու իրավունքից: 

– Ի՞նչ հետևանքների կարող է բերել սա: 

– Ժողովրդի մոտ այսօր հավատի պակաս կա իշխանությունների հանդեպ, և եթե քաղաքացին զրկվում է նաև անմիջականորեն ընտրելու իրավունքից, այդ հավատի պակասը գնալով ավելի է խորանում, այսինքն՝ ինքը գործընթացից ավելի է հեռանում և աստիճանաբար համակարպվելով այն մտքի հետ, որ որքան էլ պայքարի, միևնույնն է, իշխանության ասածն է անցնելու՝ քաղաքացին, փաստորեն, ամբողջությամբ դուրս է մնում երկրի քաղաքական պրոցեսներից: Այսինքն՝ քաղաքացին դուրս է գալիս իշխանություն ձևավորելու գործընթացից: 

– Մինչդեռ սահմանադրական փոփոխությունների նախագիծը քարոզողները հավաացնում են, թե այն նպաստելու է անմիջական ժողովրդավարության զարգացմանը: 

– Ինչպե՞ս կարող են այդ փոփոխությունները նպաստել ժողովրդավարության զարգացմանը, եթե ժողովրդին զտում են քաղաքականությունից: 

– Պարո՛ն Սիմոնյան, ձեր կարծիքով՝ քաղաքացիները քարոզարշավի ընթացքում, ինչպես նաև մինչ քարոզարշավի սկիզբը փոփոխությունների բովանդակության մասին պատշաճ կերպով իրազեկվե՞լ են: 

– Ես ժամանակի առումով հնարավորություն չեմ ունեցել հեռուստատեսությամբ հետևել քարոզարշավին, բայց որքանով հասցրել եմ հետևել՝ նկատել եմ, որ հեռուստասերիալներին ավելի շատ ժամանակ է տրամադրվել, քան սահմանադրական փոփոխություններին: Այսինքն՝ հեռուստասերիանլներն ավելի կարևոր են, քան սահմանադրությունը, որը մեզ համար «շախմատ խաղալու» կանոններ է սահմանում: Բացի ժամանակի կարճ լինելը, նաև ընդհանրապես չի խոսվում այդ փոփոխությունների դրական և բացասական կողմերի մասին: Եթե մենք այսօր քաղաքացուն կանգնեցնենք և հարցնենք, թե ինչ են սահմանադրական փոփոխությունները, նրանք չեն իմանալու, որովհետև, և՛ իրազեկում չի արվում, և՛ տեքստն է բարդ, մինչդեռ մայր օրեևքը՝ սահմանադրությունը ոչ միայն իրավաբանների, այլ ժողովրդի համար է գրվում, ու սովորական քաղաքացին, որը գուցե կրթություն չունի, պիտի այդ սահմանադրությունը կարդա ու հասկանա: 

– Դուք բարձրաձայնել եք փոփոխությունների նախագծի Մարդու իրավունքներ գլխում առկա մի շարք լուրջ թերությունների մասին: Ձեր կարծիքով՝ եթե սահմանադրական փոփոխություններն անցնեն, քաղաքացին անմիջապես կզգա՞ դրա բացասական հետևանքները:  

– Այո: Եթե սահմանադրական փոփոխություններն անցնեն, անմիջապես կսկսեն օրենքները փոփոխել ու համապատասխանեցնել սահմանադրությանը, ու հենց այդ գործընթացում փոփոխությունների հետևանքներն արդեն իսկ կերևան: 

– Փոփոխոթյունների ընդունման դեպքում Ազգային ժողովը ծանրաբեռնվելու է օրենքները սահմանադրությանը համապատասխանեցնելու գործո՞վ: Արդյոք չկա՞ն ավելի լուրջ ու հրատապ հարցեր, որոնցով պիտի զբաղվի Ազգային ժողովը: 

– Ես օրենքների արագ փոփոխմանը միշտ դեմ եմ եղել: Օրինակը բերենք քրեական դատավարության օրենսգրքով: 1999-ին դրա ընդունումից հետո բազմաթիվ փոփոխություններ են եղել: Հետո նոր օրենսգիրք ընդունվեց, մինչդեռ նախկինն ինչ-որ տեղ իր փոփոխություններով իր էվոլյուցիան ապրում էր: Իսկ նոր օրենսգիրքը նույնպես պիտի էվոլյուցիա ապրի: Ստացվում է, որ մենք օրենսգիրքը նորից դնում ենք իր զրոյական դիրքին և մինչ դա նորից էվոլյուցիա է ապրում, այդ ընթացքում շատ մարդկանց ճակատագրեր են խեղվում: Այսինքն՝ այդ քրեական դատավորության օրենսգրքի ոչ ճիշտ կիրառման, մեկնաբանման կամ ոչ համապատասխան օգտագործման արդյունքում մարդիկ են դատապարտվում: Նույնն է նաև սահմանադրության դեպքում: Պատկերացրեք իրավիճակ, երբ շախմատ խաղացողներին խաղի կեսից ասեն, որ կարգը փոխվում է, ձին առաջ չի կարող գնալ, այլ միայն ետ: Այսինքն՝ պետք է եղածը կատարելոգործել, այլ ոչ թե ջնջել, գցել մի կողմ ու զրոյից սկսել մի նոր գործընթաց, որի արդյունքը կարող է մի քանի տարի հետո դարձյալ լավը չլինել: