Այս իշխանությունը մարդասպանների իշխանություն է, և պետք է «ոչ» ասել. Արթուր Պետրոսյան

arturNopasaran.am-ի զրուցակիցն է «Արտլաբ Երևան» քաղաքական արվեստի խմբի անդամ Արթուր Պետրոսյանը: 

– Արթո՛ւր, դե՞մ եք սահմանադրական փոփոխություններին և եթե դեմ եք, ապա ինչո՞ւ: 

– Սահմանադրական փոփոխություններին, իհարկե, դեմ եմ: Դեմ եմ այն պատճառով, որ համոզված եմ՝ սահմանադրական փոփոխություններն ավելի կուժեղացնեն գործող վարչախմբի իշխանությունն ու ավելի կերկարաձգեն Սերժի իշխանությունը: 2008 թվականի Մարտի մեկը ցույց տվեց, որ այս իշխանությունը մարդասպանների իշխանություն է, ուստի նրանց կողմից ինչ առաջարկություն, նախաձեռնություն էլ լինի՝ նույնիսկ դրական, պետք է «ոչ» ասել: 

– Ի՞նչ ապագա է սպասվում  Հայաստանին, հայաստանյան հասարակությանը եթե սահմանադրական փոփոխություններն, այնուամենայնիվ, անցնեն: 

– Ինձ թվում է` շատ բան չի փոխվի: Նույն վիճակը կշարունակվի: Հայաստանում տոտալիտար դիկտատուրա հաստատելու ռեսուրս չկա: Ուղղակի հնարավոր է` այսպիսի ճահճային վիճակ էլ մնա: Եթե այս իշխանությունն այնքան ուժ ունենար, որ դիկտատուրա հաստատեր… Հիմա այն ո՛չ դեպի վատը կարող է շարժվել, ո՛չ դեպի լավը: 

– Ի՞նչ է պետք անել, որպեսզի սահմանադրական փոփոխությունները չանցնեն: 

– Եթե հնարավոր լիներ շատ մարդ մոբիլիզացնել, կոնսոլիդացնել, մի շարք գործողություններ անել, գուցե ստացվեր տապալել, բայց ինձ արդեն թվում է՝ դժվար: Նրանք ունեն արդեն պատրաստի ձայներ. իշխանությունը հերթական անգամ կեղծելու է ընտրությունները: Ինչ-որ բան երևի պետք է արվի հանրաքվեից հետո՞…