Ինչո՞ւ «ոչ». Արմեն Մազմանյան (շարունակություն)

Սկիզբ

Հասարակության պառակտում եւ ճգնաժամերի խրախուսում

Հաշվի առնելով մեր մեջ գերիշխող քաղաքական մշակույթը, առաջարկվող փոփոխությունները մեծ հավանականությամբ կնպաստեն քաղաքական սուր ճգնաժամերի առաջացմանը: Ուկրաինայի փորձը լավագույն ապացույցն է: 

Վերջին տասնամյակի ընթացքում քաղաքական բազում առճակատումներ ու երկու հուժկու ճգնաժամ վերապրած Ուկրաինայում գրեթե հինգ տարիների ընթացքում շարունակվող քաղաքական կոհաբիտացիան, երբ երկրի նախագահ էր Վիկտոր Յուշչենկոն, մինչդեռ խորհրդարանական մեծամասնություն էին վայելում ու վարչապետ էին նրան հակադիր ուժերի առաջնորդներ՝ 2006-2007-ին՝ Յուշչենկոյի սկզբունքային հակառակորդ Յանուկովիչը, իսկ 2007-2010թթ.-ին՝ Տիմոշենկոն, երբեւէ չհանգեցրեց կրիտիկական ճգնաժամերի: Այդպիսիք, մինչդեռ, տեղի ունեցան այն իրավիճակներում, երբ հակադիր ուժերից մեկը բացարձակ իշխանություն էր ձեռքբերում մյուսների հանդեպ եւ իր կամքը թելադրում նրանց՝ 2004-ին եւ 2014-ին: Վստահ չեմ, որ Ուկրաինայի փորձից ճիշտ դասեր ենք քաղել. այդ փորձը չկրկնելու համար պետք էր մեր երկրում օրեցօր սաստկացող քաղաքական բեեւռացման ու հասարակական դժգոհության պայմաններում խրախուսել քաղաքական երկխոսություն ու կոմպրոմիսներ՝ հենց իշխանության ներսում, այլ ոչ թե առաջարկել համակարգ, ուր կշարունակեր գերիշխել ու իր կամքը թելադրել քաղաքական մեկ ուժ: 

Ուկրաինայի փորձը մեզ պետք է մտահոգի մեկ այլ կարեւոր առումով եւս: Խրախուսվող երկկուսակցական համակարգը, որքանով էլ նպաստավոր լինի կուսակցությունների համախմբման համար, մեծ հավանականությամբ ավելի կբեւեռացնի առանց այն էլ երկփեղկման եզրին գտնվող հասարակությունը: Ուկրաինայում, այսպես կոչված, «բաժանված հասարակության» (divided soceity) առաջացման ու ի վերջո քաղաքացիական պատերազմի նպաստող ամենամեծ գործոններից մեկն անկասկած այդ երկրի քաղաքական դաշտի երկփեղկումն էր սկզբունքորեն հակադիր երկու բեւեռների միջեւ, ու եթե այնտեղ այն հիմնականում պայմանավորված էր էթնիկ-մշակութային առանձնահատկություններով, ապա մենք կարող ենք նույն փորձանքը մեր գլխին բերել արհեստականորեն՝ կառավարման մոդելի ու ընտրական համակարգի միջոցով: Երկբեեւռ համակարգի խրախուսումը ի սկզբանե եղել է հայեցակարգի առանցքային առաջարկությունների թվում: Մեր հասարակությունը պետք է շատ աչալուրջ լինի երկբեւեռ քաղաքական դաշտ ստեղծելու ակնկալիքներում, քանի որ այդպիսին կարող է խրախուսել նույնիսկ ավելի սոսկալի բեւեռացում եւ առճակատում՝ քաղաքական հաղթողների ու պարտվողների միջեւ, իշխողների ու իշխվողների միջեւ, ի վերջո, մեր իրականության մեջ մեծ հավանականությամբ նաեւ՝ արեւմտամետների ու ռուսամետների միջեւ: Այսպիսի բեւեռացումը երկիրը ու նրա իսկական կայունությունը վտանգող ամենաաղետալի զարգացումը կլիներ:

Վերջապես, այն «կայունությունը», որը ակնկալում են ռեֆորմի հեղինակները, ոչ միայն ընդհանրապես անհրաժեշտ չէ, այլ հակառակը՝ այն երկրի, դրա քաղաքական համակարգի ու տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտներից է: Ինչպես տեսանք, առաջարկվողը ոչ թե հասարակական համերաշխության միջոցով խրախուսվող կայունություն է, այլ միայն միջանկյալ, թվացյալ կայունություն՝ պայմանավորված իշխանության ներսում ընդդիմության բացառմամբ: Այսպիսի կայունությանը, ակնհայտ է, բնորոշ է մրցակցության ցածր մակարդակ, եւ որպես հետեւանք՝ քաղաքական ու տնտեսական լճացում իր բոլոր հատկանիշներով՝ վատ կառավարում (bad governance), կոռուպցիա, տնտեսական անկում եւ ապատիա: Զարգացումը, հակառակը, պահանջում է մտքերի ու տեսլականների բախում, նոր մտքերի ու կոնցեպտների ներմուծում, հակակշիռների գործարկում, եւ դրանցով հանդերձ՝ լճացման իներցիայի հաղթահարում:

Ժողովրդավարական զարգացման արգելակում 

Առաջարկվող կառավարման տեսլականը ժաղովրդավարության տեսանկյունից ակնհայտ նահանջ է ենթադրում: Դա կապված է թե առաջարկվող խորհրդարանական համակարգի, եւ թե հատկապես դրա կոնկրետ մոդելի՝ քաղաքական ինստիտուտների վրա ազդեցությամբ:

Ամենեւին չեմ ակնարկում, որ խորհրդարանական համակարգը ինքնին ավելի նվազ ժողովրդավարական է. այդպիսի ակնարկը բացահայտ ոչ կոմպետենտ կլիներ: Այդպիսին են, ի դեպ, նաեւ հակառակ ակնարկները՝ որ խորհրդարանական համակարգը, իր բնույթով իսկ միայն, ավելի ժողովրդավարական է, քան (կիսա)նախագահականը: Հայաստանում տեղի ունեցող բանավեճը, սակայն, հաճախ ընթանում է ստերեոտիպային նման ընկալումների մակարդակում, այն մասին, օրինակ, որ խորհրդարանական համակարգերը ավելի «ժողովրդավարական» են, որովհետեւ եվրոպական գրեթե բոլոր երկրները այդպիսին են, կամ՝ որ նախագահական երկրներից միայն ԱՄՆ-ին է հաջողվել կարգին ժողովրդավարություն կառուցել: Այսպիսի փաստարկները հիմավորված չեն. աշխարհում այսօր կարելի է գտնել թե հաջողված եւ թե ձախողված խորհրդարանական երկրներ (վերջինների մեջ կարող ենք նշել, օրինակ, Եթովպիան, Սոմալին, Կամբոջան, Իրաքը, Լիբիան; խորհրդարանական է նաեւ Եվրամիության «ամենաավտորիտար» երկիրը, Հունգարիան՝ «բռնապետ» Օրբանի գլխավորությամբ): Միաժամանակ, ԱՄՆ-ը, իհարկե, աշխարհի միակ նախագահական ժողորդավարությունը չէ. հենց այդպիսի համակարգի ներքո են վերջին տասնամյակների ընթացքում ամուր, որոշ դեպքերում էլ՝ կայացած (կոնսոլիդացված) ժողովրդավարություն կառուցել Բենինը, Բրազիալիան, Գանան, Ուրուգվայը, Կոստա Ռիկան, Արգենտինան, Պերուն, Չիլին, Պանաման, Սալվադորը: Ակնարկներն առ այն, որ սրանք մեզ համար օրինակելի նախադեպեր չեն, եւս հիմնավոր չեն լինի. այս երկրները, ի տարբերություն «Հին Եվրոպայի», հատկապես արժեքավոր օրինակներ են, քանի որ սրանց է հաջողվել կառուցել ժողովրդավարություն համեմատելի պայմաններում՝ ի հեճուկս տնտեսական ու քաղաքական ահռելի մարտահրավերների ու դեռեւս կայացած չլինելով որպես բարձր եկամուտ ունեցող երկրներ: Սրանք բոլորը ներկայումս զգալի կերպով առաջ են մեզնից ժողովրդավարության ցուցանիշներով: Ինքս ոչ կիսանախագահական, ոչ էլ նախագահական համակարգերի հատուկ ջատագով չեմ եւ այժմ կիսանախագահական կառավարումը պաշտպանում եմ միայն այն պատճառով, որ այսօր այն ավելի նախընտրելի է Հայաստանում՝ զարգացման այս փուլի մարտահրավերները հաղթահարելու տեսանկյունից:

Փոփոխությունների առաջարկվող նախագիծը հիմնված է ժողովրդավարության մինիմալիստ կոնցեպտի վրա: Դեռեւս առաջին հայեցակարգի տեքստից, եւ ոգուց, ակնհայտ էր, որ փոփոխությունները խթանելու են, այսպես կոչված, «մեծամասնական ժողովրդավարության» ինստիտուտներ: Նախագծի հրապարակմամբ այս սպասումները արդարացան. եւ նախագահ-կառավարություն փոխհարաբերությունների բնույթը, եւ հատկապես ընտրական համակարգի «իտալական» տարրերը ակնհայտորեն ուղղված են քաղաքական մեծամասնության դիրքերը անձեռնմխելի դարձնելուն եւ դրա՝ փոքրամասնության հետ իշխանությունը որեւէ ընդունված ձեւով կիսելը (power-sharing) բացառելուն: Քաղաքական այս տեսլականը, բնականաբար, ոչ մի աղերս չունի ժողովրդավարության ժամանակակից պատկերացումների հետ:

Ժամանակակից ժողովրդավարությունը ոչ թե մեծամասնության իշխանությունն է, այլ մեծամասնության ու փոքրամասնության երկխոսություն, այդպիսին խթանելու հարթակ, այն հեռու է մեծամասնության բացարձակ կամքը ամեն գնով լեգիտիմացնելու նկատառումներից: Հակառակը՝ մեծամասնության բացարձակ իշխանությունը՝ «մեծամասնության դիկտատուրան», մերօրյա ժողովրդավարության ամենամեծ թիրախն է: Սա առավել քան վերաբերում է Հայաստանին, որտեղ խորհրդարանում մեծամասնություն ձեռքբերող ուժը, պետության հետ սերտաճած ու միշտ հաղթող «իշխանության կուսակցությունը», որեւէ կերպ կաշկանդված չի եղել քաղաքական որոշումներ ընդունելիս, մինչդեռ փոքրամասնությունը, կամ «ոչ իշխանական» կուսակցությունները, երբեւէ իրական հնարավորություն չեն ունեցել մասնակցելու քաղաքական որոշումների կայացմանը կամ դրանց նկատմամբ վերահսկողությանը: Այս պարագայում, ժողովրդավարություն խթանող սահմանադրությունը պետք է ամրապնդեր ոչ թե մեծ, հաղթող կուսակցության դիրքերը, այլ հակառակը՝ փոքրերի, որպեսզի ապահովեր ժողովրդավարական պրոցեսի համար կենսական մրցակցությունն ու քաղաքական հակակշիռների գործողությունը:

Փոփոխությունները ուղղակի ազդեցություն կունենան նաեւ ժողովրդավարացման գործընթացների վրա, քանի որ կխաթարեն դրա խթան հանդիսացող ամենակարեւոր ինստիտուտի՝ ընտրությունների դերը այդ պրոցեսում: Որքան էլ ցավոտ ու կարող է թվալ՝ անարդյունավետ լինեն ընտրությունները մեր երկրում, հենց դրանք են ժողովրդավարական մշակույթի ու քաղաքական մրցակցության կայացման ամենաէական խթանը: Առաջարկվող սահմանադրությամբ քաղաքացու՝ ընտրությունների միջոցով հանրային իշխանություն ձեւավորելու, իսկ ընդդիմության՝ իշխանության համար մրցակցության մեջ մտնելու հնարավորությունները էապես սահմանափակվում են: Համապետական ընտրությունները այլեւս կսահմանափակվեն միայն խորհրդարանական ընտրություններով, մինչդեռ տեղական ընտրությունները այլեւս տեղի կունենան հինգ տարին մեկ անգամ՝ այսօրվա երեքի փոխարեն:

Սահմանադրական ռեֆորմի այս պրոյեկտը երբեք էլ չէր թաքցրել իր՝ ընտրությունների ազդեցությունը եւ դրանց թիվը նվազեցնելու ցանկությունը: Խորհրդարանական կառավարմանն անցումը դեռեւս միայն որպես հնարավորություն դիտող առաջին հայեցակարգը որպես այլընտրանք էր առաջարկում գործող համակարգը պահպանելու պայմաններում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նույն օրը անցկացնելու գաղափարը: Ավելին՝ ընտրությունները, ու դրանց հետեւանքով երկրում առաջացող «նախընտրական, ընտրական եւ հետընտրական լարվածությունը, անկայունությունը ու անորոշությունը» հայեցակարգը դիտում էր որպես երկրին սպառնացող առաջնային վտանգ: Սահմանադրական ռեֆորմի՝ հակաժողովրդավարական ուղղվածության ավելի ակնհայտ ինքնախոստովանություն դժվար կլիներ մտածել: Ընտրությունները, ինչպես նաեւ դրանց հետեւանքով առաջացող հնարավոր բողոքը, որքանով էլ դրանք հանդիսանան անկայունության առիթ, ժողովրդավարության ֆունդամենտալ հենքն են, իսկ մեր պարագայում նաեւ՝ իշխանություններին հաշվետու դարձնելու գրեթե միակ իրական լծակը: Ի վերջո, արդյո՞ք ակնհայտ չէ, որ ընտրությունների հետ կապված հասարակական ընդվզման խնդիրը պետք է կառավարել ոչ թե ընտրություններից խուսափելով, այլ դրանց որակը, եւ հետեւաբար՝ դրանց նկատմամբ հասարակության վստահությունը հետեւողականորեն բարձրացնելու միջոցով, մինչդեռ հայեցակարգի վերոնշյալ դրույթը կարծես թե մի ակնարկ լինի առ այն, որ ընտրությունների որակի բարելավում ակնկալել պետք չէ, ուստի ավելի լավ է, որ նախընտրական կամ հետընտրական անկայունությունը նվազեցվի ընտրությունների թվի կրճատմամբ: 

Հանրության ուշադրությունից գրեթե վրիպել է մի կարեւոր հանգամանք եւս: Գաղտնիք չէ, որ քաղաքական էլիտաների վերարտադրման նպատակով ընտրակեղծիքներում ներդրում են կատարում երկրի տնտեսական ռեսուրսները տնօրինողները (օլիգարխները): Պարզ է նաեւ, որ այս պրակտիկան պատճառն է պետության ու տնտեսության սերտաճման եւ կործանարար է թե քաղաքական, ու թե տնտեսական զարգացման համար: Վերջին տարիների տնտեսական անկման ու միաժամանակ՝ քաղաքական ու քաղաքացիական ընդդիմության ուժեղացման պայմաններում ընտրություններում ներդնելը տնտեսապես ավելի ու ավելի անշահավետ է դառնում. իշխանության վերարտադրությունը, այլ կերպ ասած, գնալով ավելի է թանկանում: Այս երեւույթը ժողովրդավարացման՝ իմ կողմից մեկ անգամ արդեն ակնարկած բնականոն գործընթացի հիմնաքարն է. քաղաքատնտեսությունից քաջատեղյակ մարդկանց հայտնի է, որ ժողովրդավարական զարգացմանը նպաստող ամենակարեւոր գործոնը հենց այն է, որ իշխանությունը ամեն գնով պահելը դառնում է ավելի թանկ, քան այն զիջելը կամ կիսելը: Այս նկատառումները, իհարկե, ուղղակի կապ ունեն սահմանադրական ռեֆորմի ազդեցությունը գնահատելու հետ: Ընտրությունների թվի զգալի կրճատումը (եւ պատահական չէ, որ սա տեղի է ունենում թե համապետական, թե տեղական մակարդակներում) պահպանում է դրանցում ստվերային ներդրումների նպատակահարմարությունը, կամ այլ կերպ ասած՝ տնտեսական-քաղաքական էլիտաների վերարտադրման՝ որպես բիզնես պրոյեկտի նպատակահարմարությունը: Սա, բնականաբար, խոչընդոտում, դանդաղեցնում է ժողովրդավարացման բնականոն ընթացքը եւ վերստին նպաստավոր պայմաններ է ստեղծում քաղաքական գործընթացներում օլիգարխների մասնակցության համար:

Սահմանադրական ռեֆորմի միջոցով իշխանությունների վերարտադրության թեզը հաճախ է արծարծվում, երբեմն էլ շահարկվում: Ինքս միշտ շեշտել եմ, որ այս «պրոյեկտում» վերարտադրության ռեսուրսն ակնհայտ է, սակայն միայն վերոնշյալ նկատառումներից ելնելով: Իհարկե, անհնար է չնկատել, որ կառավարման համակարգի փոփոխությունը փաստացի հնարավորություն է տալիս գործող նախագահին՝ շարունակել մնալ երկրի ղեկին: Ես, սակայն, հակված չեմ սա դիտարկել որպես փոփոխությունների առաջնային նպատակ, կամ էլ դրանց հիմնական վտանգ: Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ կարծում եմ, որ բարձրագույն պաշտոն զբաղեցնող գործիչը իրեն թույլ չի տա խախտել իր խոստումը, այլ առավելապես այն պատճառով, որ չեմ համարում, որ այսօրվա իշխանությունն այդքան միատարր է ու որ այն բացարձակապես կառուցված է մեկ անձի շուրջ: Իսկապես, օլիգարխիա բառը, որը մեր երկրի կառավարմանը տրվող ամենատարածված բնորոշումն է, հուներենից թարգմանությամբ նշանակում է ոչ թե մեկ, այլ «մի քանիսի իշխանություն», իսկ այս փոփոխությունների վտանգը ոչ թե մեկ անձի, այլ հենց մի խումբ մարդկանց անընդհատ վերարտադրությանը նպաստելու մեջ է:

Նյութն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ում: