Կվերանա ժողովրդաիշխանությունը և իշխանությունը կկենտրոնանա բացարձակ մեկ մարմնի ձեռքում. Սերգեյ Գաբրիելյան

SergeyNopasaran.am-ի զրուցակիցն է «Նոր սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Գաբրիելյանը: 

– Կա՞ արդյոք հիմա Հայաստանի սահմանադրությունը փոփոխելու հասարակական պահանջ: 

– Գտնում եմ, որ սահմանադրական փոփոխությունները պայմանավորված չեն օբյեկտիվ անհրաժեշտությամբ, այլ արտացոլում են մեկ անհատի շահերը, որը չի կարող արդարացված լինել և ավելի գերակա լինել հասարակության շահերից, ուստի դեմ եմ սահմանադրական փոփոխություններին:

Մեր երկրում շատ չլուծված խնդիրներ կան, սակայն առաջարկվող փոփոխությունները պայմանավորված չեն օբյեկտիվ անհրաժեշտությամբ, օրինակ՝ հանրային գերակա պահանջով կամ այլ պահանջով, որ կարողանար արդարացնել կառավարման համակարգի նման արագ և անհարկի փոփոխությունը: Առաջարկվող փոփոխության մեջ կարող էին նախատեսվել այնպիսի փոփոխություւներ, որոնք կբարելավեին հասարակության այն զանգվածի շահերը, այսպես` 

ա/ կարևոր խնդիրներից է երկրում աշխատատեղերի ավելացումը, աշխատավարձերի բարձրացումը, հարկերի պակասեցումը, սակայն երկիրը, հանձին առանձին պաշտոնյաների, այնքան պարտքեր է կուտակել, որ հարկադրված անհիմն հարկեր է սահմանում՝ փորձելով դուրս գալ ստեղծված իրավիճակից:

բ/ ՀՀ-ում տիրում է մեծ արտագաղթ, և ցավալի է, որ ոչ թե փոփոխություն է կատարվում՝ ապահովելու մարդկանց աշխատանքով, այլ հակառակը՝ միայն անձնական շահերից դրդված է փոփոխություն կատարվում, քանի որ չի երաշխավորվում աշխատանքի իրավունք, այլ միայն դրա ազատությունը:

– Ի՞նչ վտանգներ եք տեսնում ներկայացված փոփոխությունների նախագծում: 

– Խախտվում են միջազգային կոնվենցիաներով նախատեսված դրույթները, մասնավորապես՝ 

ա/ նախագծի 41(2) հոդվածի համաձայն՝ ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Մինչդեռ գործող սահմանադրությամբ այս ազատության սահմանափակման համար պետական անվտանգության հիմքը նախատեսված չէ: Այսինքն՝ նախագծում այս իրավունքին պետության միջամտության համար նախատեսված է լրացուցիչ հնարավորություն: Բացի այդ՝ այս ազատության միջամտության համար պետական անվտանգության հիմքը նախատեսված չէ նաեւ ՄԻԵԿ 11 եւ Դաշնագրի 18 հոդվածներով: Այսինքն՝ նախագծի քննարկվող հոդվածն ակնհայտորեն հակասության է ստեղծում հանրապետության միջազգային պարտավորությունների հետ այս ազատության մասով, քանի որ նախատեսում է միջամտության լրացուցիչ հիմք, ինչը նախատեսված չէ, ապա և թույլատրելի չէ վկայակոչված միջազգային պայմանագրերով,  

բ/ Սահմանադրության 21-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է, որ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի։ Ներկայացված նախագծի հիշյալ հոդվածը իր մեջ մի շարք վտանգներ է պարունակում այն իմաստով, որ, օրինակ, անձը, ելնելով իր կամ իր ընտանիքի անվտանգությունից, չի բացահայտում, թե ով է կատարել հանցագործությունը, իսկ հետագայում պարզվում է իրական հանցագործություն կատարած անձը։ Նշված հոդվածի բովանդակային իմաստով անձը չի կարող ստանալ որևէ փոխհատուցում այն տարիների համար, որը նա անցկացրել է անազատության մեջ։ Այստեղ հաշվի չի առնվել մի շատ կարևորագույն սկզբունք, որ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը։ Միաժամանակ փաստում ենք, որ թեև սույն նորմն առավելապես ներմուծվել է ՄԻԵԿ 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածից, այդուհանդերձ, հաշվի առնելով Հայաստանում այսօր ձևավորված անկատար իրավակիրառ պրակտիկան, նշված նորմը կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել։ Եվ վերջում նշեմ, որ ՄԻԵԿ-ով երաշխավորվում են անձանց նվազագույն իրավունքները, ինչը երբևէ չի նշանակում, որ պետությունները չպետք է ավելի բարձր նշաձող դնեն այդ հարցում։ 

Ի դեպ, Վենետիկի հանձնաժողովը դեռևս 2007թ-ի հունիսի 22-ին իր CDL-AD (2007) 028 «Զեկույց դատավորների նշանակման մասին»-ում խոսել է, որ բացի Սահմանադրական դատարանի դատավորներից, պառլամենտի կողմից դատավորների նշանակումը նպատակահարմար չէ, քանի որ նման դեպքում հնարավոր չէ բացառել քաղաքական նկատառումների գերակայությունը թեկնածուների արժանիքների նկատմամբ։ Այս զեկույցում Վենետիկի հանձնաժողովը հանգամանալից նշել է, որ քաղաքական մարմինը չպետք է ներգրավված լինի վճռաբեկ դատարանի դատավորների և նախագահների նշանակման և լիազորությունների դադարեցման հարցերին: 

– Ինչպիսի՞ բացասական տենդենցներ կլինեն, եթե սահմանադրական փոփոխություններն անցկացվեն: 

– Վերանում է զսպիչների և հակակշիռների ինստիտուտը, այլևս որևէ մարմին չի վերահսկում մյուսներին: Բոլոր օղակները և օրենսդիր և գործադիր և դատական կենտրոնանում են մեկ մարմնի ձեռքում և առանց վերահսկողության, իսկ բոլոր իրավունքները վերապահում է ՀՀ Ազգային ժողովին, իսկ ՀՀ նախագահը և ՀՀ վարչապետը միայն ֆիկտիվ մարմիններ են դառնում՝ առանց էական լիազորությունների: Այսինքն՝ սահմանափակվում է նաև մարդու ընտրական իրավունքը, քանի որ այլևս ժողովուրդը չի իրականցնում երկրի կառավարումը, վերանում է ժողովրդաիշխանությունը և իշխանությունը կենտրոնանում է բացարձակ մեկ մարմնի ձեռքում: 

– Ի՞նչ է պետք անել՝ փոփոխությունները տապալելու համար: 

– Հանրաքվեն տապալելու համար պետք է ակտիվ «Ոչ»–ի քարոզչություն անցկացնել և դիտորդական առաքելություն իրականացնել: