Մեզ հնարավորություն է տրված իշխանությունների հանդեպ կուտակված զայրույթն արտահայտել «ոչ»-ի տեսքով. Հարութ Ուլոյան

Ես չեմ անդրադառնա հրամցվող՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի նպատակներին, քանի որ այդ դեպքում ստիպված ես լինում մտնել գուշակությունների, կանխատեսումների ու դրույթների կշռադատումների դաշտ, ինչն ակնհայտորեն ծառայում է բացառապես իշխանությունների շահերին: 

Հարութ Ուլոյան, ակտիվ քաղաքացի
Հարութ Ուլոյան, ակտիվ քաղաքացի

Կոնկրետ ինձ համար (վստահ եմ` նաև շատերի) սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու հիմնական պատճառները հետևյալն են. 

1. 2008-ի մարտի 1-ին իշխանությունների կողմից ժողովրդի դեմ կազմակերպված և իրականացված սպանդ:  
2. Իշխանությունների կողմից գործող Սահմանադրության դրույթների ամենօրյա ոտնահարում:
3. Տարիներ շարունակ բոլոր տիպի ընտրությունների կեղծում:  
4. Ծաղրի վերածված արտաքին քաղաքականություն: Անփառունակ ձախողում ֆուտբոլային դիվանագիտության մեջ, այն էլ՝ Ցեղասպանության ուրացման գնով: 
5. Արցախի հարցում իրականացվող ակնհայտ պարտվողական քաղաքականություն` համեմված խայտառակ ցինիկ հայտարարություններով: 

Եվ այլն, և այլն… 

Չմանրամասնելով թվարկվածն` ընդամենն ավելացնեմ, որ պատճառներից յուրաքանչյուրն ինքնին «ոչ» ասելու լրջագույն առիթ է: Նման հանցանքներ իրականացրած իշխանության կողմից ներկայացվող ցանկացած որոշում ընկալել որպես «բարեփոխում» ոչ միայն միամտություն, այլև մեղսակցություն է: 

Դեկտեմբերի 6-ին մեզ հնարավորություն է տրված իշխանությունների հանդեպ տարիների ընթացքում կուտակված զայրույթն արտահայտել «ոչ»-ի տեսքով: Այսինքն` մեր «ոչ»-ն ուղղված է լինելու ոչ թե զուտ հրամցվող սահմանադրական փոփոխություններին, այլ առաջին հերթին իշխանություններին` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: 

Ասա՛ «ոչ», դու կարո՛ղ ես,
Ասա՛ «ոչ», և դու կհաղթե՜ս: