Կարելի է տապալել իշխանության նախատեսած ոչ միայն այս «բարեփոխումները». Յուրի Մանվելյան

yura1Nopasaran.am-ի զրուցակիցն է  epress.amի խմբագիր Յուրի Մանվելյանը

Ինչու՞ եք դեմ սահմանադրական փոփոխություններին։ 

– Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել են իշխանությունները և քարոզում են իրենց սպասարկուները։ Իրենք իրենց սեփականությունն են համարում հանրապետության բնակչությանը, տնտեսական, տեղեկատվական և այլ ռեսուրսները։ Ես այդպես չեմ կարծում։ Իմ և իրենց շահերը չեն կարող համընկնել, հետևաբար ես հայտնվում եմ այն ճամբարում, որի նպատակն է թիրախավորել բռնության աղբյուրը՝ իշխանություններին։ 

Ըստ ձեզ՝ ի՞նչ ապագա է սպասվում Հայաստանին, հայաստանյան հասարակությանը, եթե սահմանադրական փոփոխություններն, այնուամենայնիվ, անցնեն

– Հանրապետության բնակչության մեծ մասը ոչ մի ազդեցություն չունի ո՛չ հին և ո՛չ էլ նոր Սահմանադրության բովանդակության վրա։ Հանրաքվեից հետո ուժերի հարաբերակցությունը չի փոխվի․ մի կողմում կլինեն մինչև ատամները զինված իշխող ընտանիքները՝ ոստիկանությունով, դատարաններով, բանակով, լրագրողներով և հատուկ ծառայություններով շրջապատված, իսկ մյուս կողմում՝ անզեն մնացածները։ Քաղաքացիական հասարակությունը, որի մասն են նաև լրագրողները, պարբերաբար կբարկանա և Սահմանադրությունն ու օրենսդրությունը սերտած՝ դուրս կգա փողոց՝ ուղիղ եթերում բանավիճելու հատուկ այդ կարիքների համար վարժեցված օսիպյանների հետ։ Առօրյա դարձած բռնությունը, ստորացումները ծննդատներում, դպրոցներում, բուհերում, հիվանդանոցներում, ընտանիքներում, բանակում, խմբագրություններում դուրս կմնան քաղաքացիական հասարակության տեսախցիկներից։ 

Ի՞նչ միջոցներ կարելի է ձեռնարկել ներկա պահին, որպեսզի սահմանադրական փոփոխությունները չանցնեն։ 

 – Հանրապետությունում կան մարդիկ, խմբեր, կազմակերպություններ, որոնք չեն ցանկանում ենթարկվել ուրիշի, ուրիշների կամքին և, հետևաբար, չեն ցանկանում իշխանություն բանեցնել ուրիշների վրա։ Այդ մարդիկ տիրապետում են որոշ հմտությունների և ունեն ռեսուրսներ։ Ես գիտեմ, որ եթե իրենց հաջողվի հորիզոնական սկզբունքով աջակցել միմյանց, համագործակցել, կիսվել ռեսուրսներով, ապա կարելի է տապալել իշխանության նախատեսած ոչ միայն այս «բարեփոխումները»։ Չի բացառվում, որ գործընթացն արդեն սկսված է։