Միայն հանրային պահանջի բացակայությունն այս գործընթացը դարձնում է ոչ լեգիտիմ. Մուշեղ Շուշանյան

Mushegh2Nopasaran.am-ի զրուցակիցն է փաստաբան Մուշեղ Շուշանյանը 

– Պարո՛ն Շուշանյան, սահմանադրական փոփոխությունների այս գործընթացում ի՞նչ հարցեր են ձեզ ամենաշատը մտահոգում: 

– Սահմանադրությունն այն փաստաթուղթն է, որում փոփոխություններ կատարելիս պետք է լինի հանրային պահանջ, որը մեր դեպքում, բնականաբար, բացակայում է: Ըստ որում՝ պետք է նշել, որ այդ փոփոխություններն այնքան գլոբալ են, որ այս գործընթացը սահմանադրության փոփոխություն է, այլ ոչ թե սահմանադրական փոփոխություն: Նորություն չէ, որ Հայաստանում առկա հիմնախնդիրների պատճառը սահմանադրությունը չէ, այսինքն՝ դրանով սահմանված սահմանադրական կարգը, կառավարման համակարգը և այլն: Ընդհակառակը. այդ հիմնախնդիրների առաջնային և հիմնական պատճառն, իմ համոզմամբ, այն է, որ Սահմանադրությունն, ըստ էության, հիմնականում մնացել է թղթի վրա: Երբ մենք ասում ենք «գործող սահմանադրություն», անգիտակցաբար լուրջ սխալ ենք թույլ տալիս, քանի որ այն գործող է զուտ ձևական իմաստով: Այն, կարելի է ասել, այդպես էլ կյանքի չկոչվեց: Սահմանադրության առաջին, երկրորդ գլուխներում կան դրույթներ՝ սահմանադրական կարգի հիմունքները, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք զուտ դեկլարատիվ բնույթ են կրում, իսկ դրանց իրական երաշխիքներն այդպես էլ գործնական կյանքում չապահովվեցին:Այսինքն՝ խնդիրն այն չէ, որ այս սահմանադրությունը վատն է, այլ այն, որ առկա Սահմանադրությունը կյանքի չկոչվեց, ու դա արվեց իշխանությունը յուրացրած խմբի ջանքերով: 

Սահմանադրության 50-րդ հոդվածը միևնույն անձին արգելում էր երրորդ անգամ անընդմեջ առաջադրվել նախագահի թեկնածու, այսինքն՝ նախագահի աթոռի հայնտված անձը չուներ այդ հնարավորությունը, որի համար էլ նախաձեռնեց այս փոփոխությունների ավանտյուրան: 

Սահմանադրական փոփոխությունների միակ նպատակն ու պատճառը դա էր. նրանք մտածել են կառավարման համակարգում այնպիսի փոփոխություններ կատարել, որը հնարավորություն կտա այդ անձին իշխել, իշխանությունը պահել իր ձեռքում նաև 2018 թվականից հետո, ըստ որում՝ էական չէ, թե նա դա ինչ ձևով է պատրաստվում անել: 

– Պարո՛ն Շուշանյան, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հնարավորություն չի տալիս քաղաքացուն դրա առանձին գլուխների վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտել, քանի որ ոչ թե փոփոխությունների առանձին գլուխներն, այլ ամբողջ փաթեթն է դրված հանրաքվեի: Գուցե քաղաքացին կողմ է մի գլխում առաջարկվող փոփոխություններին և դեմ՝ մեկ այլ գլխում առաջարկվողներին: Չի՞ ստացվում, որ խախտվում է նրա՝ կամարտահայտության իրավունքը: 

– Իհարկե՛: Փոփոխությունների ծավալն այն աստիճան է, որ եթե քաղաքացիները ցանկանային խորապես ուսումնասիրել այդ փաստաթուղթն, այնուհետ գնալ կողմ կամ դեմ քվարկելու, այդ որոշումն իրենց շատ դժվար կտրվեր, քանի որ նրանք չեն կարող կետ առ կետ քվեարկել: Բայց իմ համոզմունքն այն է, որ հանրության գերակշիռ մասի համար այս փոփոխություններն անընդունելի են, քանի որ նրանց այս պահին այն վիճակում չեն, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն տեսնեն. նրանք հասկանում են, որ իրենց կյանքում եղած խնդիրների պատճառը բոլորովին այլ հարթության մեջ է: Բազմաթիվ մարդիկ են բարձրաձայնել այն մասին, որ միայն հանրային պահանջի բացակայությունը սահմանադրական փոփոխությունների գործընթացը դարձնում է ոչ լեգիտիմ: 

– Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ Սահմանադրական փոփոխությունների մշակման հանձնաժողովի նախագահը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն է: 

– Մեղմ ասած անհասկանալի իրավիճակ է, երբ սահամանադրական դատարանի նախագահը գլխավորում է այդ հանձնաժողովի աշխատանքները, պատրաստում մի փաստաթուղթ, ապա այն դնում շրջանառության մեջ, իսկ հետո այդ հանձնաժողովի անդամների մի մասը մասնակցում է այդ փաստաթղթի քարոզչությանը: Եթե Հայաստանում սահմանադրական կարգ հաստատվի, այս գործընթացը հաստատ հետևանքներ կունենա: