«Չե՛ք անցկացնի»-ն և «Նոր Հայաստան»-ը գրեթե եթերաժամանակ չեն ստացել. մոնիտորինգի արդյունքներ

abrՍահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար ստեղծված երկու ակտիվ նախաձեռնությունները՝ «Չեք անցկացնի»-ն և «Նոր Հայաստան» ճակատը Հայաստանի վեց հեռուստաընկերություններում նոյեմբերի 6-19 ընկած ժամանակահատվածում գրեթե եթերաժամանակ չեն ստացել: «Չեք անցկացնի»-ի ներկայացուցիչները մոնիտորինգի այս փուլում ընդհանրապես եթերաժամանակ չեն ստացել: Այս մասին այսօր «Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ սահմանադրության փոփոխությունների դեկտեմբերի 6-ի հանրաքվեի լուսաբանման» միջանկյալ հաշվետվության ներկայացման ժամանակ, ներկայացնելով նոյեմբերի 6-19-ը համապետական 6 հեռուստաընկերության (Հ1, «Արմենիա», Հ2, «Շանթ», «Երկիր Մեդիա», «Կենտրոն») մշտադիտարկման զեկույցը, ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ նշելով, որ բացառություն է Հ2-ը, որտեղ «Նոր Հայաստան»-ն ավելի շատ է երևացել եթերում, քան որևէ խորհրդարանական քաղաքական ուժ: 

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ հեռուստաընկերությունների ակտիվությունը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ բավարար է. թեման քիչ թե շատ հասկանալի է դառնում մշտական հեռուստադիտողների համար, որոնք հետևում են և՛ քարոզչական, և՛ խմբագրական լուսաբանմանը. 

«Սակայն կա մեկ խնդիր, որը կապված է նաև օրենսդրության հետ. օրենսդրությունը որպես քարոզարշավի հիմնական սուբյեկտներ դիտարկում է խորհրդարանական ուժերը, ինչը հանրաքվեի դեպքում այդքան էլ հիմնավորված մոտեցում չէ, որովհետև կարող են լինել խորհրդարանից դուրս և՛ քաղաքական, և՛ ոչ քաղաքական սուբյեկտներ, որոնք խիստ շահագրգռված են այս գործընթացում: Փաստորեն, օրենքում նշելով, որ վճարովի և անվճար եթերային ժամանակից օգտվելու իրավունք ունեն միայն խորհրդարանական խմբակցությունները, օրենքը հուշում է հեռարձակողներին, որ ուշադրությունը խորհրդարանական ուժերի վրա դարձնեն»: 

Ըստ Նավասարդյանի՝ սրա հետևանքը երևում է մոնիտորինգի արդյունքներում. «Նույնիսկ մասնավոր հեռուստաընկերություններն օրենքի բովանդակությունը որպես հուշում են ընկալել՝ այլ խաղացողներին, այլ սուբյեկտներին եթեր մի՛ տրամադրեք, և չեն էլ տրամադրում՝ թեև օրենքի մեկ այլ դրույթում ասվում է, որ քարոզչության մասնակից կարող են լինել և՛ խմբակցությունները, և՛ արտախորհրդրականական քաղաքական ուժերը, և՛ քաղաքացիական հասարակությունը, և՛ նույնիսկ առաձին քաղաքացիներ: Բայց եթե որևէ նախաձեռնություն կամ որևէ հասարակական կազմակերպություն գովազդային ժամանակ պահանջի հեռուստաընկերություններից, չեն տրամադրելու»:

Ըստ մոնիտորինգի արդյուքների՝ հեռուսատաընկերությունների տրամադրած վճարովի եթերից սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները ծավալով 26 անգամ ավելի շատ են օգտվել, քան իրենց ընդդիմախոսները: Միայն ՀՀԿ-ն ավելի քան 10 անգամ շատ է վճարել քարոզչական ժամանակի համար, քան խորհրդարական մյուս բոլոր 5 խմբակցությունները՝ միասին վերցրած: 

«Այո»-ն և «ոչ»-ը եթերում: Մոնիտորինգի երկու փուլերի ընթացքում արձանագրվել է 131 արտահայտություն՝ հօգուտ և 70 արտահայտություն՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների նախագծի (խորհրդարանական քաղաքական ուժերի անդրադարձներ): 

Ինչ վերաբերում է ոչ խորհրդարանական կուսակցությունների, անկախ պատգամավորների, քաղաքացիական հասարակության, քաղաքացիական նախաձեռնությունների, ՀՀ քաղաքացիների անդրադարձներին, ապա հեռուսատաընկերություններով հանրաքվեի վերաբերյալ 204 անդրադարձներից 34-ը դրական էին, 115-ը՝ բացասական: «Ոչ»-ի և «այո»-ի հարաբերակցության առումով առավել հավասարակշռված լուսաբանումն իրականացրել են «Երկիր մեդիա» և Հանրային հեռուստաընկերությունները: Ամենամեծ տարբերությունն «այո»-ի և «ոչ»-ի՝ «ոչ»-ի գերակշռմամբ, երևում է Հայկական երկորդ հեռուստալիքով: 

Առավել շատը եթերում երևացել են: Սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտվող քաղաքական ուժերից առավել շատը եթերում երևացել են Հանրապետական և ՀՅԴ կուսակցությունները: Իսկ փոփոխություններին դեմ արտահայտվող քաղաքական ուժերից տրամադրված եթերային ժամանակի հանրագումարային ծավալով ամենամեծը մնում է Հայ Ազգային Կոնգրես ներկայությունը ԶԼՄ-ներում: ՀԱԿ-ին հետևում են «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները:

«Այո»-ի և «Ոչ»-ի քարոզչության բովանդակությունները: Մոնիտորինգի առաջին 11 օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 5-ը, հիմնական թեմաներն էին սահմանադրական փոփոխությունների ամբողջ բովանդակությունից միայն կառավարման մոդելի և ընթացակարգային հարցերը՝ նույնականացման քարտով քվեարկելու իրավունքը և այլն ու սրանով էր սահմանափակվում ամբողջ բանավեճը. քարոզարշավում Սահմանադրության այլ դրույթները բացարաձակապես բացակայում էին: Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում թեմատիկ լուսաբանումը ավելի շատացել է, թեև առաջնային թեման է կիսանախագակականից խորհրդարանական կառավարման մոդելին անցումը, և՛ «ոչ»-ի, և՛ «այո»-ի կողմնակիցների մոտ ավելի շատ ցանկության կա անդրադառնալ նաև Սահմանադրության այլ դրույթներին: 

Նյութը պատրաստել է Nopasaran.am-ի աշխատակազմը: