Հյուրանոցն իշխանության հրահանգով հրաժարվում է դահլիճ տրամադրել «Ոչ»-ի Երիտասարդական ֆորումի անցկացման համար

«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության գրասենյակում քիչ առաջ մեկնարկած ասուլիսի ընթացքում նախաձեռնության անդամները լրագրողներին ներկայացրեցին հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև: 

«Երևանի Double Tree by Hilton հյուրանոցը կրկին խախտել է «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հետ ունեցած պայմանավորվածությունը՝ նոյեմբերի 30-ի «ոչ»-ի Երիտասարդական ֆորումի համար վճարովի հիմունքներով դահլիճ տրամադրելու վերաբերյալ։ Սա առաջին դեպքը չէ, երբ հյուրանոցները նախ հաստատում են, իսկ հետո, իշխանությունների հրահանգով, խախտում մեզ հետ ունեցած պայմանավորվածությունները՝ հարուցելով խնդիրներ «ոչ»-ի քարոզչության համար։

Քարոզչական շրջանում «ոչ»-ի քարոզ իրականացնող սուբյեկտներից մեկի նկատմամբ իշխանության նման պահվածքը գնահատվում է որպես հավասար քարոզչական հնարավորությունների իրավունքի խախտում, որն ավելացնում է սահմանադրական փոփոխությունների գործընթացի լեգիտիմությունը կասկածի տակ դնող փաստական հիմքը։

Այս դեպքը նշան է նաև այն բանի, որ իշխանության նյարդերը տեղի են տալիս, քանի որ ակնհայտ է, որ «ոչ»-ի հաղթական քարոզարշավն այլևս անկասելի է։ 

Կանգնելով փաստի առաջ՝ «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը ստիպված է կասեցնել «ոչ»-ի Երիտասարդական ֆորումի կազմակերպման որոշումը և հայցում է հրավիրված բոլոր երիտասարդների ներողամտությունը»: 

Նախաձեռնության անդամներից մեկը լրագրողներին հայտնեց, որ հյուրանոցի հետ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս երկու շաբաթ առաջ, սակայն հյուրանոցից, փաստորեն, պայմանավորվածությունը խախտել են Ֆորումի անցկացման օրվանից մի քանի օր առաջ, որպեսզի նախաձեռնությունը կանգնի փաստի առջև և չհսասցնի այլ տարածք գտնել: 

«Մենք չենք ցանկանում մեղադրել հյուրանոցի ադմինիստրացիային, ճնշում է եղել իշխանության կողմից: Վախենալով վտանգի տակ դնել իրենց բիզնեսը՝ նրանք մեզ մերժել են: Մեր թիրախն իշխանություններն են, այլ ոչ թե հյուրանոցը: Մեզ բաց տեքստով ասել են, որ իշխանությունների կողմից կա հրահանգ՝ թույլ չտալ այդ միջոցառման անցկացումը»,- նշեց նախաձեռնության անդամը: 

«Չե՛ք անցկացնի»-ի մեկ այլ անդամ էլ նշեց, որ երեկ նախաձեռնությունը բոլոր համալսարանների հարակից տարածում «Ո՛չ» գրությամբ 2000 թռուցիկ է բաժանել, և ողջ ընթացքում միայն մի քանի երիտասարդ է ասել, որ «այո» է քվեարկելու հանրաքվեի օրը. մնացյալ բոլորը հայտնել են, որ իրենք քվեարկելու են «ոչ»: 

«Սա փաստ է, որ իշխանությունները տապալվել են: Սա ընդամենը ևս մի ջղաձիք քայլ է նրանց կողմից: Սա չի խանգարի մեր հաղթական արշավին»,- նշեց նախաձեռնության անդամը: