Ավազակի մշակած փաստաթուղթն ի՞նչ պետք է լինի. Աշոտ Ադամյան

adamyan2Nopasaran.am-ի զրուցակիցն է ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը

– Պարո՛ն Ադամյան, ինչո՞ւ պետք է «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին: 

– Անկախ այն բանից՝ սահմանադրական փոփոխությունները մեզ պետք են, թե՝ ոչ, ես գտնում եմ, որ նման կառավարական կազմը, այսինքն՝ այս հանցախումբն իրավունք չունի որևէ փաստաթուղթ ժողովրդի հավանությանը ներկայացնելու: Ավազակի մշակած փաստաթուղթն ի՞նչ պետք է լինի. վերարտադրության պլան է, դրանում այլ նպատակ չկա: 

– Ինչպե՞ս պիտի հասարակությունը տապալի այդ պլանը: 

– Ինձ թվում է, որ լավագույն ձևն այն է, որ յուրաքանչյուրն իր խղճին հարց տա: Թե չէ քաղաքական ուժերը ոչինչ էլ չեն կարող անել, եթե «դիվանին քնածներն» ու անտարբերներն այդպես էլ մնան: Նրանք պետք է մտածեն, որ չնայած իրենք դարձյալ շարունակելու են դիվանի վրա մնալ, լինել անտարբեր, բայց այդ փոփոխություններն իրենց ևս վերաբերում են և իրենց վրա անդրադառնալու են: Յուրաքանչյունը պիտի ինքն իրեն, այլ ոչ թե դիմացինին մեղադրի: Մեր ցավն է, որ յուրաքանչյուրը սկսում է դիմացինին մեղադրել: Միասնականություն, ինքդ քեզ հարց և պատասխան: Վերջ, ուրիշ լուծում չկա: 

– Դուք ասում եք, որ այս իշխանությունն իրավունք չուներ նման փաստաթուղթ մշակելու և հանրաքվեի դնելու, բայց փաստն այն է, որ այդ փաստաթղթի վերաբերյալ, փաստորեն, դեկտեմբերի 6-ին հանրաքվե է նշանակված: Ի՞նչ եք դուք կանխատեսում Հայաստանում, եթե այդ փոփոխություններն անցնեն: 

– Աղետալի հետևանքներ եմ կանխատեսնում, որովհետև նման իրավիճակում երբ երկիրը օրհասական պահի է հասել, երբ մեր շուրջն աշխարհակարգն է փոխվում, սահմանադրական փոփոխությունները մեծ վտանգ են պարունակում. ավազակախումբը, փաստորեն, ամրապնդում է կեղեքման բոլոր տեսակի հնարավորությունները, իսկ այն խոսակցությունները, թե լայնանում են այս կամ այն անձանց կամ մարմինների իրավունքները՝ սուտ են, այդ տեակետը պնդողներից ցանկացածը թող կարդա այդ փոփոխությունների նախագիծը: 

Մեզ մոտ երբեք սահմանադրություն չի գործել: Սահմանադրությո՞ւնն է խանգարում, որ երկիրը երկիր դառնա: