ԿԸՀ-ի դիմաց քաղաքացիները պահանջեցին անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքները

12358335_972177929532342_1938466369_n

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված հանրահավաքի գլխավոր թեման այս տարի դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանդրական հանրաքվեն էր:

«Այսօր մարդու իրավունքների պաշտպանության օրն է, իսկ դեկտեմբերի 6-ին խախտվել է մարդու այն հիմնարար իրավունքը, որից բխում են մյուսները՝ սեփական իշխանություն ձևավորելու իրավունքը»,- իր ելույթում ասաց Ազգային ժողովի Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝պնդելով, որ պետք է անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքները:

12336186_972177992865669_1149635216_n

«Նոր Հայաստան» փրկության ճակատի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց վեր կանգնել հատվածական խնդիրներից և մեծ խնդիրները միասին լուծել: «Իշխող վարչակարգը կեղծել է հանրաքվեի արդյունքները՝ մեղսակից դարձնելով շարքային քաղաքացիներին, զինվորներին, ոստիկաններին»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Մինչ քաղաքական գործիչները խոսում էին մարդու իրավունքների պաշտպանությունից, Ազատության հրապարակից երեք քաղաքացիներ բերման ենթարկվեցին ոստիկանական բաժանմունք: Պատճառն այն էր, որ շուրջ տասը օր Ազատության հրապարակում նստացույց անող «Նոր Հայաստան» ճակատի անդամներ Կարո Հովհաննիսյանը, Գևորգ Կոխլիկյանը և Էդգար Վարդանյանը ցանկանում էին Ազատության հրապարակում վրան տեղադրել, սակայն ոստիկանները նրանց դա թույլ չէին տալիս: Ոստիկանության և քաղաքացիների միջև վիճաբանություն տեղի ունեցավ, վերջիններիս տարան Կենտրոնի Ոստիկանություն:

Հանրահավաքից հետո քաղաքացիները երթով շարժվեցին դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որի շենքից մոտ 100 մ հեռավորության վրա ոստիկանները պատ էին կազմել:

Քաղաքացիները պահանջեցին ոստիկանական ուժերին հեռանալ իրենց ճանապարհից, որպեսզի իրենց բողոքը հայտնեն կեղծված հանրաքվեի վերաբերյալ: Ոստիկանները, սակայն նրանց ճանապարհ չտվեցին:

Լևոն Զուրաբյանի և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջև բանակցություններից հետո ճանապարհը բացվեց: Քաղաքացիները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց պահանջեցին անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքները:

Որոշ ժամանակ շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնելուց հետո Լևոն Զուրաբյանը հայտարարեց բողոքի ակցիայի ավարտի մասին՝ տեղեկացնելով, որ իրենք պատրաստվում են վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում բողոքարկել հանրաքվեի արդյունքները և պահանջել հանրաքվեն անվավեր ճանաչել: