Այս անգամ արդեն համբերության բաժակը լցվեց. Կարպիս Փաշոյանը՝ դպրոցից հեռացման մասին

12187642_907811305979565_8279248491516924427_n

Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցի պատմության ուսուցիչ, «Ոչ»-ի շարժման ակտիվիստ Կարպիս Փաշոյանին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ազատել են աշխատանքից։ Այս մասին Փաշոյանն օրեր առաջ գրել էր Facebook-ի իր էջում, ինչից հետո իսկական իրարանցում էր սկսվել: Փաշոյանի Facebook-ի պատին գրառումներ էին կատարում մի կողմից անարդարությունից զայրացածները, նրա աշակերտները, մյուս կողմից՝ նույն դպրոցի ուսուցիչները։ Վերջինները, ի դեպ, տարատեսակ մեղադրանքներ էին հասցնում: Մենք փորձեցինք հասկանալ այս իրարանցման պատճառները։

Nopasaran.am-ի հետ զրույցում Կարպիս Փաշոնյանն ասաց, որ իրեն հեռացնելիս որպես պատվակ նշել են ուշացումները, որոնք նախկինում, նրա խոսքով, որևէ խնդիր չեն առաջացրել. «Ուշացումների մասին տնօրենը տեղյակ էր, կարելի է ասել, որ թույլ է տվել, որովհետև ես ուսանող եմ, նաև այլ աշխատանք ունեի, նա ըմբռնումով էր մոտենում, դա միշտ նորմալ էր ընկալվում և չէր խանգարում, որ իմ դասերը նորմալ անցկացնեմ»:

Կարպիսը պատմեց նաև, որ մինչև «Ոչ»-ի շարժումն իր հարաբերությունները տնօրինության հետ նորմալ են եղել, սակայն «Ոչ»-ի քարոզարշավի շրջանակներում գրաֆիտի անելու համար բերման ենթարկվելուց հետո հարաբերություններն աստիճանաբար լարվեցին. «Վերջնագրեր էին ներկայացնում՝ կամ «Ոչ»-ը, կամ դպրոցը, հորդորում էին Facebook-իս էջը ջնջել, հոդվածները հեռացնել»:

Ըստ Կարպիսի, լարված իրավիճակը շարունակվում էր ամսից ավելի։ «Ես արդեն հոգնել էի այդ մթնոլորտում աշխատելուց, այդ պատճառով միանգամից հեռացման դիմումը գրեցի։ Նախկինում էլի էի ունեցել ազատման դիմում գրելու ցանկություն, բայց հետ եմ կանգնել, կամ փոխտնօրենը թույլ չէր տվել՝ ասում էր՝ դեռ սպասիր, բայց այս անգամ արդեն համբերությանս բաժակը լցվեց»:

Նշենք, որ Facebook-ում դեպքին արձագանքել են նաև Անանիա Շիրակացի կրթահամալիրից և Կարպիս Փաշոյանին համագործակցության առաջարկ արել:

Leave a Reply

Your email address will not be published.