«Չե՛ք անցկացնի» գրասենյակի հայտարարությունը

npԴեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեն աննախադեպ էր ընտրակեղծիքների առումով: Տեղական և միջազգային դիտորդների, լրագրողների, վստահված անձանց կողմից հայտնաբերվել են լցոնումների, բազմակի քվեարկությունների, արձանագրությունների կեղծման հարյուրավոր դեպքեր, բազմաթիվ ընտրատեղամասերում բռնությամբ խոչընդոտվել է լրագրողների, վստահված անձանց, հանձնաժողովների անդամների աշխատանքը: Ընտրախախտումները կրել են զանգվածային և համակարգված բնույթ, ղեկավարվել են մեկ կենտրոնից, ընտրակեղծարարության հեղինակները գործել են բացարձակ անպատժելիության պայմաններում: Արդյունքում ամբողջովին նենգափոխվել են քվեարկության արդյունքները, թույլ չեն տրվել, որպեսզի տեղի ունենա հասարակության  ազատ կամարտահայտում: Հանրաքվեի պաշտոնապես հայտարարված արդյունքները զուրկ են լեգիտիմությունից:

Դեկտեմբերի 6-ը նշանավորվեց  ոչ միայն համատարած ընտրակեղծարարությամբ, այլև Հայաստանի քաղաքացիների քաղաքացիական բարձր գիտակցությամբ և քաղաքական հասունության դրսևորմամբ:  Հանրության մեծամասնությունը մասնակցեց քվեարկությանը և ՈՉ ասեց Սերժ Սարգսյանի վերարտադրության նախագծին՝ այդ կերպ իր անվստահությունը հայտնելով վերջինիս:

Քվեարկության օրը ընտրատեղամասերում ընտրակեղծիքների դեմ պայքարել են բազմաթիվ վստահված անձինք, դիտորդներ, հանձնաժողովի անդամներ, լրագրողներ, որոնց սկզբունքային և ազնիվ կեցվածքի և մինչև վերջ անկոտրում մնալու կարողության արդյունքում հարյուրավոր ընտրատեղամասերում չի հաջողվել ապահովել ԱՅՈ-ի կեղծ հաղթանակ:

«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը իր խորին երախտագիտությունն է հայտնում ինչպես այն հարյուր հազարավոր քաղաքացիներին, ովքեր գնացին ընտրատեղամասեր և ՈՉ քվեարկեցին, այնպես էլ բոլորին, ովքեր պահպանեցին քաղաքացիների ձայները:

Մենք մեր առանձնահատուկ ջերմ վերաբերմունքն ենք արտահայտում այն քաղաքացիների հանդեպ, ովքեր աջակցեցին մեզ քարոզարշավի շրջանում և քվեարկության օրը: Հատկապես Ձեր օգնության շնորհիվ արդեն սեպտեմբերից Երևանում և մարզերում կազմակերպվեցին հանրահավաքներ, փողոցային ակցիաներ, տպագրվեցին հարյուրհազարավոր թռուցիկներ, թերթեր, պաստառներ, ինչպես նաև մեզ տրամադրվեց վճարովի եթերաժամանակ: Առանց այս քայլերի զգալիորեն կդժվարանար քաղաքացիներին հասցնել ՈՉ-ի տեսակետները: Իսկ քվեարկության օրը բոլոր այն տեղամասերում, որտեղ վերահսկողություն են իրականացրել նախաձեռնության դիտորդները, հաջողվել է պաշտոնական արձանագրություններում ամրագրել ՈՉ-ի հաղթանակը:

Վստահեցնում ենք, որ մեր համախոհների և Հայաստանի քաղաքացիների հետ շարունակելու ենք ջանքեր գործադրել երկրում հաստատելու ժողովրդավարական կարգեր: Հայաստանի քաղաքացին պետք է իր քվեով իշխանություն ձևավորելու հնարավորություն ունենա. հենց այս նվաճմանը հասնելը համարում ենք մեր առաքելությունը: