Պետք է այսօրվանից պատրաստվենք 2017-ի ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար

Asparez.am կայքի հարցազրույցը «Չեք անցկացնի» նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանի հետ

davit-hovanisyan-2

– Դավիթ, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ ինչպիսի՞ կարծիք ունեք:

– Իրականում դա հանրաքվեի անվան տակ անցկացված ընտրակեղծարարության միջոցառում էր: Տեղի ունեցան համատարած կեղծիքներ, լցոնումներ, վստահված անձանց եւ դիտորդների աշխատանքի խոչընդոտում, արձանագրությունների կեղծումներ եւ այդպես շարունակ: Կարող ենք արձանագրել, որ հասարակության ազատ կամաարտահայտում տեղի չի ունեցել: Հանրաքվեի արդյունքներն ամբողջովին նենգափոխվել են: Իրականում հասարակությունը քվեարկել է այլ կերպ. քվեարկել է «Ոչ», քվեարկել է այդ փոփոխությունների դեմ, սակայն պաշտոնական արդյունքներով մեկ այլ բան է արձանագրվել, իսկ դրանք հասարակական լեգիտիմություն չունեն:

– Կան քաղաքագետներ, վերլուծաբաններ, ովքեր ընդդիմությանն էլ են մեղադրում: Ասում են, որ որոշ ընդդիմադիրներ կաշառվելով՝ իրենց հերթին նպաստել են ընտրակեղծիքների իրականացմանը: Դուք ի՞նչ կարծիքի եք այս ամենի մասին:

– Այս երկրում օրինական ընտրություններ անցկացնելու պատասխանատվությունը կրում են իշխանությունները, ոչ թե կուսակցությունները, ՀԿ-ները կամ հասարակական գործիչները: Եթե կեղծիքներ, լցոնումներ եւ կաշառվելու դեպքեր են եղել, ապա դրանց բոլորի պատասխանատուն միայն իշխանությունն է: Իշխանության գործն է՝ բացահայտել այդ բոլոր դեպքերը, այդ թվում՝ ընդդիմադիր հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց կամ դիտորդների կաշառվելու փաստերը: Նրանք պետք է բացահայտեին ու պատժեին մեղավորներին եւ պատասխանատվության ենթարկեին: Այդ ամենն իշխանությունների գործն է, եւ իրենք չեն կարող որեւէ մեկին մեղադրել:

– Ձեր կարծիքով, սահմանադրական փոփոխություններն ի՞նչ հետեւանք են թողնելու մեր երկրի վրա:

– Մեր երկիրն լինելու է ավելի վատ վիճակում, քան կար, սակայն դա չի նշանակում, որ սա վերջն է եւ այլեւս որեւէ բան անել պետք չէ, ամեն ինչ անհույս է եւ այլն: «Չեք անցկացնի» նախաձեռնությունը սահմանադրական փոփոխությունների դեմ խումբ է ստեղծել, որի շուրջ բազմաթիվ մարդիկ են հավաքվել, ովքեր շարունակելու են իրենց ջանքերը ներդնել մեր երկրի ընտրական համակարգի կատարելագործման եւ Հայաստանի ժողովրդավարացման համար: Մենք մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք, որպեսզի Հայաստանում կարողանանք ստեղծել ազատ ընտրական համակարգ, որպեսզի Հայաստանի քաղաքացին ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու հնարավորություն ունենա: Առջեւում 2017-ի խորհրդարանական ընտրություններն են, եւ մենք պետք է այսօրվանից պատրաստվենք, ավելի արդյունավետ մեխանիզմներ մշակենք ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար: Հայաստանում օրինական իշխանություն ձեւավորելու միակ արդյունավետ ճանապարհը տեղամասերում նորմալ վերահսկողություն իրականացնելն է:

Հարցազրույցը՝ Անահիտ Սիմոնյանի