Ամբողջ հասարակությունը դեմ է այս փոփոխություններին. Դավիթ Հովհաննիսյան

Ամբողջ հասարակությունը դեմ է այս փոփոխություններին. Դավիթ Հովհաննիսյան

«Չեք անցկացնի» շարժման նախաձեռնող խմբի անդամ  Դավիթ Հովհաննիսյանի ելույթը հոկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ

Սիրելի՛ քաղաքացիներ, դուք գիտեք, որ սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել «Ոչ»-ի ճակատի համաժողով, որտեղ 3 տասնյակից ավել կազմակերպություններ ստորագրել են «Ոչ»-ի հռչակագրի տակ և միացել «Ոչ»-ի ճակատին: Իհարկե, մենք շատ շնորհակալ ենք այդ կազմակերպություններին և շատ  կարևորում ենք նրանց ստորագրությունը, նրանց մասնակցությունը, բայց «Ոչ»-ի ճակատի ամենակարևոր մասնակիցները քաղաքացի՛ն է, որ կանգնած է այս հրապարակում, դո՛ւք, որ միասին եք, վստահում եք ձեր ուժերին, վճռական եք տրամադրված մինչև վերջ այս հարցը տանելու հարցում: Այստեղ և՛ տարբեր կուսակցությունների, տարբեր կազմակերպությունների անդամներ են կանգնած, և՛ անկուսակցականներ, քաղաքական տարբեր համակրաքներ ու նախապատվություններ ունեցող մարդիկ, բայց մեզ բոլորիս միավորել է մեր քաղաքացիական պարտքը մեր հանրապետության հանդեպ: Դո՛ւք եք Հայաստանի այն լուսավոր կետը, որի գոյությունը թույլ չի տալիս, որ այս երկիրը մարի, որ երկիրը վերածեն արոտավայրի և արածեն ու վերարտադրվեն, վերարտադրվեն ու արածեն:  

Իհարկե, ամբողջ երկիրը դեմ է այս վարչախմբին, այս վարչախմբի առաջարկած որևէ ծրագրի, որևէ փոփոխության, որևէ «բարեփոխման», նույնիսկ իրենց կուսակցության շարքերն են դեմ, պետական ապարատի ողջ միջին օղակն է դեմ, նույնիսկ միջազգային հանրությունն է արդեն դեմ, բայց հենց դո՛ւք եք այն առաջին ճակատը, որն իր հետևից պետք է բոլորին տանի: Դուք իմացե՛ք, որ բոլորը` թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս, հետևում են ձեզ, սպասում են ձեր գործողություններին, ձեր քայլերին, որ գան, միանան, աջակցեն: Մենք իրավունք չունե՛նք հուսախաբ անելու նրանց, մենք պարտավո՛ր ենք ցույց տալու մեր հաստատակամությունը, մեր վճռականությունը, հաղթականության ոգին: Դուք, բոլորդ այստեղ կանգնած, լիդերներ եք, դո՛ւք եք առաջնորդելու այս լուսավոր շարժումն ընդդեմ սահմանադրական հեղաշրջման և հանուն սահմանադրականության արժեքների` մարդու իրավունքների, ազատությունների, ընտրելու իրավունքի, ինքորոշման, ժողովրդավարության հաղթանակի: 

Սիրելի՛ քաղաքացիներ, մի քանի օր առաջ Սարգիս Գևորգյանը մի վիդեոհոլովակ էր պատրաստել, որն, ի դեպ, արդեն 100 հազարից ավելի դիտում ունի համացանցում, որտեղ ներկայացրել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ԱՄՆ նախագահ Օբամայի խոսքը սահմադրական փոփոխությունների մասին: Ես ուզում եմ այստեղ մեջբերել այդ խոսքերը. «Այն առաջնորդները, որոնք փոխում են սահմանադրությունը, որպեսզի մնան իրենց պաշտոնում, ընդունում են, որ ձախողել են իրենց ժողովրդի համար հաջողակ պետություն կառուցելու գործում»: Հիմա ասեք` կա՞ աշխարհում ավելի ձախողված կառավարություն, ավելի ձախողված իշխանություն, քան սա է: Կա՞ մի ոլորտ, որտեղ այս իշխանությունը չի ձախողվել, կա՞ մի տեղ, որտեղ սրանք հաջողություն են արձանագրել, կա՞ մի բան, որ կարող են ցույց տալ, ասել` սա է, մեր 8 տարվա իշխանության ժամանակ այս մի բանը արել ենք, այս մի արդյունքը ունենք: Չկա՛: Պատմության մեջ այս իշխանությունը մնալու է որպես ամենաձախողվածը, որ երբևէ եղել է Հայաստանում:  Եվ տեսեք՝ ուր է հասել ցինիզմի աստիճանը, որ այսքանից հետո, այսպիսի տոտալ ձախողումից հետո այդ մարդիկ ասում են` եկեք փոխենք սահմանադրությունը, որպեսզի հավերժ մնանք իշխանության: Ուրիշ բան չեն էլ ասում, սկզբից մի քիչ ձևեր թափեցին, թե՝ ժողովրդավարություն, միանձնա իշխանությունը ցրենք ազնվազարմ ընտրիչների մեջ, հետո իրենց ծիծաղն էլ եկավ իրենց ասածների վրա, բացահայտ հայտարարեցին` ո՞ր մեկդ է Սերժից լավը, որ իշխանությունը տա, գնա տուն: Բնականաբար, դրա հաջորդ քայլը Սերժ Սարգսյանին ազգի հայր հռչակելն է և ցմահ իշխանության տիտղոսը հագցնելը: Հիմա հարցնում եմ ձեզ` ո՞ր մեկդ է համաձայն Սերժին ազգի հայր հռչակելուն, կա՞ այդպիսի մարդ, ո՞ր մեկդ է համաձայն, որ Սերժից լավը չկա… 

Մի քիչ էլ ուզում եմ ապագայի մասին խոսել` մեր ապագայի: 

Բնականաբար, այս շարժումը, որ սկսել ենք, միայն նրա համար չէ, որ Սերժ Սարգսյանն այլևս չլինի իշխանության մեջ, Հանրապետականը չլինի իշխանություն: Դրանք, իհարկե, անհրաժեշտ քայլեր են, բայց դա չէ մեր երազանքը: Հայաստանի քաղաքացին աշխարհի որևէ երկրի քաղաքացուց վատը չէ, որևէ մեկից ավելի անխելք չէ, անգրագետ չէ, անտաղանդ չէ և արժանի է ապրել այնպես, ինչպես ապրում են քաղաքակիրթ երկրներում: Ի՞նչ է մեր ուզածը. մենք ուզում ենք որակյալ կրթություն ստանալ, մեր ընկերների հետ սրճարան գնալ, թատրոն գնալ, կինո գնալ, մեր նախընտրած գրքերը գնել, ամեն ամառ գնալ ծով՝ հանգստանալու, ամեն ձմեռ գնալ լեռներ՝ դահուկ քշելու,  մեր ճաշակով հագնվելու, աշխարհին հաղորդակից լինելու, նորագույն տեխնոլոգիաներից օգտվելու, համաշխարհային պատմամշակութային կոթողները մոտիկից տեսնելու: Սրանք բաներ են, որոնք շատ սովորական են աշխարհի տասնյակ երկրերի բնակիչների համար: Ուրեմն ո՞րն է մեր մեղքը, մեր թերությունը, որ մենք չենք կարող օգտվել դրանցից: Չկա՛ որևէ թերություն, մենք արժանի՛ ենք հասնելու այս ամենին, վայելելու սա, մեզ համար սա սովորական դարձնելու, ընդամենը պետք է հավատալ մեր ուժերին, չնվնվալ,  ինքներս մեզանից չհիասթափվել, վստահ լինել, գրագետ լինել, գնալ առաջ: Հավատացեք` ընդամենը պետք է ազատվել այս չարորակ ուռուցքից, և այդ օրվանից մենք ազատ կլինենք մեր երազանքների իրականացման ճանապարհին: Մենք իրավո՛ւնք ունենք ոչ միան երազելու, այլև իրականություն դարձնելու այդ երազանքը, և հենց սա մենք պետք է անենք: