Հայաստանում սահմանադրորեն հակասահմանադրական կարգ են հաստատում. Հրայր Մանուկյան

Հայաստանում սահմանադրորեն հակասահմանադրական կարգ են հաստատում. Հրայր Մանուկյան

«Չեք անցկացնի» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հրայր Մանուկյանի ելույթը հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ  

Հարգելի՛ քաղաքացիներ, 

գաղտնիք չէ, որ գործող Սահմանադրությունն ամբողջությամբ չէ, որ կիրառվում է։ Պատճառը մեկն է. Սերժ Սարգսյանը, կեղծելով ընտրությունները, բռնազավթել է իշխանությունն ու հաստատել հակաիրավական ռեժիմ։ Բայց մենք գտնվում ենք երկիր մոլորակի վրա. կա միջազգային հանրություն և կան պայքարող քաղաքացիներ՝ դուք: Եվ վարչախումբը չի կարող անթաքույց և բացահայտ ոտնահարել ողջ Սահմանադրությունը, այդ թվում՝ երրորդ անգամ նախագահ դառնալու վերաբերյալ սահմանադրական արգելքը։ Այսինքն՝ գործող Սահմանադրության որոշ դրույթներ զսպաշապիկ են Սերժ Սարգսյանի համար և թույլ չեն տալիս նրան հաստատել մի այնպիսի  ռեժիմ, ինչպիսին, ասենք, Հյուսիսային Կորեայում է: Ավելին, քաղաքացիների պայքարի շնորհիվ նա երբեմն ստիպված էր լինում Սահմանադրության նորանոր դրույթներ կյանքի կոչել, թեկուզ կիսատ-պռատ: 

Ի՞նչ է այժմ որոշել Սերժ Սարգսյանը. նա որոշել է մի կողմից վերացնել սահմանադրական այն բոլոր դրույթները, որոնք իր համար այսօր զսպաշապիկ են, մյուս կողմից էլ՝ հանել բոլոր այն դրույթները, որոնք ապագայում մեզ՝ քաղաքացիներիս հնարավորություն կընձեռեին առավել լիարժեք իրացնել մեր իրավունքները և երկրում հաստատել սահմանադրական կարգ: Այս երկու բաները փոխելու համար է հենց, որ Սերժ Սարգսյանը նախաձեռնել է սահմանադրական փոփոխությունները: 

Եթե մենք այսօր կարող ենք մեր իրավունքների ու ազատությունների համար պայքարում հղում կատարել գործող Սահմանադրության դրույթներին, ապա Սերժ Սարգսյանի առաջարկած Սահմանադրությամբ այլևս դրա հնարավորությունը չենք ունենալու, քանի որ այս նոր տեքստով սահմանափակվում են քաղաքացիական բազմաթիվ իրավունքներ ու ազատություններ, այդ թվում՝ հավաքների, սեփականության և այլ իրավունքները: Մեզ, ուրեմն, ուզում են զրկել Սահմանադրությունը վկայակոչելու հնարավորությունից: 

Ավելին, փորձելով ստեղծել փաստացի միակուսակցական քաղաքական համակարգ՝ Սերժ Սարգսյանը փորձում է վերացնել բոլոր այն մեխանիզմներն ու հակակշիռները քաղաքական համակարգում, որոնք այսօր մեր որոշ իրավունքներ ու ազատություններ իրացնելու իրական երաշխիքներ են։ 

Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը փոխում է Սահմանադրությունը` Հայաստանում սահմանադրորեն հակասահմանադրական կարգ հաստատելու համար: Պայքարելով այդ փոփոխությունների դեմ՝ մենք պայքարում ենք հանուն Հայաստանում սահմանադրական կարգ հաստատելու։ Պայքարելով այդ փոփոխությունների դեմ՝ մենք պայքարում ենք  այսօրվա դրությամբ մեր նվաճած իրավունքների ու ազատությունների պահպանման համար։ Պայքարելով այդ փոփոխությունների դեմ՝ մենք պայքարում ենք հանուն այն բանի, որ չկորցնենք գործող Սահմանադրությամբ նախատեսված բոլոր իրավուքներն ու ազատություններն իրական ու առարկայական դարձնելու հնարավորությունը։ 

Եվ ուրեմն՝ պետք է համախմբվել ու անել յուրաքանչյուրիցս կախված ամեն բան՝ ձախողելու համար այս չարաբաստիկ փոփոխությունները։