«Ոչ»-ը հաղթանակ է. Դավիթ Հովհաննիսյան

«Ոչ»-ը հաղթանակ է. Դավիթ Հովհաննիսյան

«Չեք անցկացնի» շարժման նախաձեռնող խմբի անդամ  Դավիթ Հովհաննիսյանի ելույթը հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ

Հարգելի՛ հայրենակիցներ, ուզում եմ այսօր նախ միասին մի քանի  արձանագրումներ կատարենք, այնուհետ անցնենք մեր անելիքներին:

1. Հայաստանի Սահմանադրության 50-րդ հոդվածը թույլ չի տալիս որևէ նախագահի երրորդ անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահ, ինչը զրկում է Սերժ Սարգսյանին 2018-ից հետո երկիրը ղեկավարելու հնարավորությունից:

2. Այդ հանգամանքը ստիպել է Սերժ Սարգսյանին մշակել ուղիներ` շրջանցելու այդ սահմանադրական արգելքը և իր համար ապահովելու պայմաններ` շարունակելու ղեկավարել երկիրը նաև 2018-ից հետո:

3. Այդպիսի մեխանիզմ է ընտրվել նախագահական ինստիտուտը, ըստ էության, վերացնելու և խորհրդարանական կառավարման համակարգ մտցնելու ճանապարհը:

4. Քանի որ Սերժ Սարգսյանի խնդիրը ոչ թե ժողովրդավարական ինստիտուտների կառուցումն է կամ պետականության հիմնասյուների ամրացումը, այլ իր անձնական հարատև իշխանության երաշխավորումը, առաջարկվող մոդելն իրենից ներկայացնում է ոչ թե իրական պառլամենտական, այլ կուսակցապետական համակարգ, որի առանցքը կազմում է իշխող Հանրապետական կուսակցությունը:

5. Կուսակցապետական համակարգի անխափան գործունեությունը կազմակերպելու համար ներդրվել է Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլի ինստիտուտը, որը հակասում է պառլամենտական կառավարման համակարգերի ամբողջ տրամաբանությանը և փիլիսոփայությանը, փոխարենը լուծում է իրենց առջև դրված խնդիրը` ապահովել Հանրապետական կուսակցության անսասան դիրքերը խորհրդարանում կամ խորհրդարանի տոտալ հանրապետականացումը:

6. Երկրորդ փուլի մեխանիզմը ոչ միայն ապահովում է իշխող կուսակցության կայուն կամ ավելի ճիշտ՝ մեռյալ մեծամասնությունն Ազգային ժողովում, այլև հնարավորություն է տալիս վարչախմբին ունենալ սեփական գործածության «ընդդիմադիր բևեռը», որի հետ միասին մասնակցելու է ընտրությունների երկրորդ փուլին, հանդիսավորությամբ հաղթելու է վերջինիս, հատկացնելու է նրան իր պատվավոր երկրորդ տեղը խորհրդարանում և զրկելու է իրական ընդդիմադիր ուժերին Ազգային ժողովում ազդեցություն ունենալու հնարավորությունից: Դա է պատճառը, որ հրապարակայնորեն իրենց ընդդիմադիր հայտարարած որոշ ուժեր այսօր խուսափում են այս վտանգավոր, պետականության հիմնասյուները խարխլող նախագծի ընդունումը թույլ չտալու նպատակով վարչախմբի հետ բացահայտ պատերազմի մեջ մտնելուց` հույս փայփայելով, որ կարժանանան Սերժ Սարգսյանի բարեհաճությանը և հենց իրենք կլինեն այն երկրորդ կուսակցությունը, որին կտրվի երկրորդ փուլին մասնակցելու ուղեգիր:

7. Իրական ընդդիմադիր ուժերի չեզոքացումը վերացնելու է այսօր երկրում ստեղծված ուժերի հավասարակշռությունը, որը զսպող շապիկի դեր էր խաղում վարչախմբի համար՝ վերջնականապես չոչնչացնելու քաղաքացիների ամենատարրական իրավունքների պաշտպանության նշույլները, քաղաքացիական և հասարակական գործունեության հնարավորությունները: Այն կարևոր աշխատանքը, որ տանում են այսօր հասարակական կազմակերպությունները Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության և բազմակարծության տարածման, ժողովրդավարական արժեքների սերմանման գործում, այն ձեռքբերումները, որ վերջին տարիներին ունեցել են քաղաքացիական նախաձեռնությունները և սոցիալական շարժումները, այլևս հնարավոր չեն լինելու, որովհետև որևէ բան չի ստիպելու իշխանությանը` հանդուրժելու այդ կազմակերպությունների գործունեությունը կամ ընդառաջ գնալու շարժումների առաջ դրած պահանջներին: 

8. Քաղաքական իշխանության գերկենտրոնացումը բերելու է տնտեսության գերմոնոպոլիզացիայի և որևէ ինքնուրույն տնտեսական գործունեության իսպառ վերացման: Դա նշանակում է, որ 50 տոկոս փայը դառնալու է 100 տոկոս: Երկրի ամբողջ տնտեսությունը լինելու է մեկ ընտանիքի սեփականություն, կառավարումն էլ բաժանվելու է եղբայրների, փեսաների ու փեսաների եղբայների միջև: Ամբողջ երկիրը դառնալու է մեկ փակ բաժնետիրական ընկերություն, որի միակ փայատերը, միակ որոշում կայացնողը լինելու է Սերժ Սարգսյանը, որն էլ զբաղվելու է միայն այդ սեփականությունը վաճառելով. ուրիշ բան չի լինելու, նման գերմենաշնորհացման պայմաններում չի կարող խոսք գնալ զարգացման, նոր տեխնոլոգիաների ներդրման, նոր որակի տնտեսության կառուցման մասին: Սա նշանակում է նաև, որ որևէ մեկը նույնիսկ փոքր բիզնեսով զբաղվելու հնարավորություն չի ունենալու, եթե իր աշխատածի մեծ մասը չի մուծվում ՓԲԸ-ի տիրոջը, սա նշանակում է, որ որևէ մեկի աշխատավարձը չի բարձրանալու, որովհետև նա ուղղակի հնարավորություն չի ունենալու այլ գործատուի մոտ աշխատելու: Չի լինելու որևէ ընտրության, այլընտրանքի հնարավորություն: Սպանվելու է ինքնուրույն գործունեության, մասնագիտական առաջխաղացման, աշխատանքում կատարելագործման որևէ մոտիվացիա: Բիզնեսում և կազմակերպություններում առաջ գնալու միակ տարբերակը լինելու է Հանրապետական կուսակցության փտած խողովակներով բարձրանալու հնարավորությունը: 

9. Ամենատարրական քաղաքացիական իրավունքներից զրկումը, քաղաքական ընտրություններին մասնակցության և իշխանության ձևավորմանը մասնակից լինելու հնարավորության բացառումը, սեփական գործը սկսելու կամ կատարած աշխատանքի դիմաց արժանապատիվ աշխատավարձ ստանալու շանսի բացակայությունն արտագաղթի ճանապարհը դարձնելու է անայլընտրանք: Այսօրվա դեմոգրաֆիական բարդագույն իրավիճակը վերածվելու է դեմոգրաֆիական աղետի: Երկրի անվտանգության համակարգը կանգնելու է լրջագույն մարտահրավերների առջև: Բանակի համալրման խնդիրը դառնալու է կենսական պրոբլեմ: Որևէ հույսի բացակայության պայմաններում ամբողջական ընտանիքների մշտական տեղափոխման արդյունքում վճռորոշ չափերով կրճատվելու է արտերկրից եկող տրանսֆերտների չափը, ինչը կաթվածահար է անելու երկրի նախ ֆինանսաբանկային համակարգը, ապա և մյուս ոլորտները` առևտուրը, սպասարկումը, արտադրության եղած-չեղած փշրանքները: 

10. Ժողովրդավարական բոլոր ազատությունների սահմանափակումը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների հանդեպ ճնշումները, ընտրական համակարգի լիակատար ոչնչացումը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հյուսիսկորեական ստանդարտների կիրառումը հանգեցնելու են Հայաստանի միջազգային մեկուսացմանը, վերջնական «իզգոյացմանը», երկիրը զրկվելու է բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելու բոլոր հնարավորություններից, հայտնվելու է միջազգային պատժամիջոցների և նույնիսկ անկախության կորստյան իրական վտանգի առջև:

Ամփոփելով այս արձանագրումները՝ ուրվագծվում է այն ամբողջական պատկերը, որում հայտնվելու է Հայաստանը` Սահմանադրության փոփոխությունը չմերժելու դեպքում` պետականության հիմնասյուների կազմաքանդում, կուսակցապետական ֆաշիստաբոլշևիկյան համակարգ` հավերժ գենսեկ Սերժ Սարգսյանի ցմահ ղեկավարությամբ, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ոչնչացում, մարդու իրավունքներ և ազատություններ հասկացությունների իսպառ մոռացություն, տնտեսության գերմոնոպոլիզացում, վաղվա օրվա հանդեպ քաղաքացու հույսի բացակայություն, համընդհանուր ապատիա, երկիրը լքողների անվերջ շարաններ և միջազգային «իզգոյացում»:

Բայց սա իրենց ծրագիրն է, իրենց պլաններն են, մենք էլ ունենք մեր ծրագիրը, մեր անելիքները:  Այժմ ցանկանում եմ մի քիչ էլ մեր անելիքների մասին խոսել: 

Իշխանությանը թվում էր, թե իրեն հաջողվել է փետրվարյան հայտնի տեռորիստական գործողությունների արդյունքում վերջնականապես ամայացնել քաղաքական դաշտը, վերացնել դիմադրության բոլոր օջախները, իսկ հասարակությունն էլ դուրս չի գա հուսահատության խեղդող ճիրաններից և ինքը հեշտությամբ, առանց լուրջ խոչընդոտների, կանցկացնի այս փոփոխությունները: Բայց պարզվեց՝ այդպես չէ: Չնայած Բաղրամյան 26-ում կազմակերպված բաբուխյանագեղամյանական տիպի ֆոտոսեսիաներով, չնայած ամեն ընդդիմադիր խմբակցությունից ինչ-որ կռճոններ փախցնելով` վարչախումբը հույս ուներ ցույց տալու քաղաքական ուժերի կոնսոլիդացիա սահմանադրական փոփոխությունների շուրջ, բայց այդ ծրագիրը մի րոպեում ջուրն ընկավ, երբ սեպտեմբերի 12-ին «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության կազմակերպած «Ոչ»-ի ճակատի համաժողովում հանրությունը տեսավ իրական ընդդիմադիր ուժերի և իշխանության կողմից չվերահսկվող հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների  միասնությունը և վճռականությունը` տապալելու հանրաքվեն և հեռացնելու այդ հանրաքվեն նախաձեռնողներին:  

Այս ճակատի առաջատար խորհրդարանական ուժերը ստեղծեն են «Ո՛չ»-ի միասնական շտաբ և պատրաստվում են ամբողջ հանրապետության տարածքում իրականացնել «Ո՛չ»-ի քարոզչության և հանրաքվեի նախապատրաստական գործընթացները: Այդ գործընթացի կարևոր մաս է հանդիսանում նաև տեղամասերում մարդկանց ձայների պաշտպանության հարցը, որովհետև եթե անկեղծ խոսենք, մենք այսօր որևէ մեկին «Ոչ» քվեարկել համոզելու խնդիր չունենք, մենք այդ «Ոչ»-ը պաշտոնական արձանագրություններում ֆիքսելու խնդիր ունենք, և այդ խնդրի լուծման է ուղղված մեր կոորդինացիոն գործունեությունը Հայ Ազգային Կոնգրես և «Ժառանգություն» խմբակցությունների հետ: Այս անգամ խմբակցությունները, բացի հանձնաժողովների անդամներ նշանակելուց, հնարավորություն են ունենալու տեղամասերում ունենալ նաև վստահված անձինք, ինչը նշանակում է, որ հանրաքվեի վերահսկողության աստիճանը տեղամասերում կրկնապատկվելու է: Բացի այդ, հայաստանյան մի շարք լուրջ հասարակական կազմակերպություններ միավորվել են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության մեջ և պատրաստվում են դիտորդական առաքելություն իրականացնել հարյուրավոր տեղամասերում` Հայաստանի ամբողջ տարածքում: Սրանք շատ լուրջ ձեռքբերումներ են, որոնք կարող են վճռորոշ ազդեցություն ունենալ հանրաքվեի արդյունքների վրա, և ես կոչ եմ անում ձեզ, որպես այս պայքարի առաջին ճակատ, ձեզ վրա վերցնել հասարակության ձայների պաշտպանության խնդիրը, դիմել խմբակցություններին կամ հասարակական կազմակերպություններին` միանալու վստահված անձանց կամ դիտորդների թիմին և թույլ չտալու, որ որևէ մեկի մտքով անցնի գողանալ ձեր ձայները, կեղծել քվեարկության արդյունքները: Ես միայն հիշեցնում եմ, որ 2013-ի նախագահական ընտրություններում, որտեղ ընդդիմությունը ունեցել է հանձնաժողովի անդամ կամ վստահված անձ, կամ եղել է դիտորդ հասարակական կազմակերպությունների կողմից, այդ տեղամասերում պաշտոնական արդյունքներով Սերժ Սարգսյանը պարտվել է, իսկ այդպիսի տեղամասերը հարյուրներով են: Սերժ Սարգսյանը հիմնականում հաղթել է գյուղական տեղամասերում, որտեղ չի եղել պատշաճ վերահսկողություն: Ուրեմն՝ ի՞նչն է խանգարում մեզ զինվորագրվել վերահսկողական թիմերին և այս անգամ արդեն հաղթել բոլոր տեղամասերում: 

Սիրելի՛ հայրենակիցներ, դուք՝ որպես այս շարժման բարձրագույն մարմնի` համապետական հանրահավաքի պատվիրակներ, ևս մեկ կարևոր առաքելություն ունեք իրականացնելու:  Արդեն ասվեց, որ որևէ մեկին «Ոչ» քվեարկել համոզելու խնդիր չունենք, բոլորն են պաշտպանում «Ոչ»-ը, նույնիսկ Հանրապետական կուսակցության շարքային անդամները, էլ չեմ խոսում պետական ապարատի միջին օղակների մասին, բայց դուք գիտեք, որ տարիներ շարունակ կեղծելով բոլոր ընտրությունները`վարչախմբին հաջողվել է ստեղծել լիակատար անվստահության մթնոլորտ ընտրական համակարգի հանդեպ, և երբ դրան էլ գումարվում է այն, որ չի եղել որևէ հասարական պահանջարկ` փոփոխելու սահմանադրությունը, գումարվում է իշխանության բացահայտ և թաքնված քարոզչությունն այն մասին, որ միևնույնն է՝ ձեր մասնակցությամբ ոչինչ չի փոխվելու,  միևնույնն է՝ հանրաքվեն կեղծվելու է, առաջանում է վտանգ, որ շատ քաղաքացիներ կարող են իրենց դուրս դնել այս պրոցեսից միայն այն բանի համար, որ չունեն վստահություն, որ իրենց մասնակցությունը կարող է որևէ բան փոխել: Ուրեմն՝ ձեր առաքելությունն է, որպես այս շարժման պատվիրակներ, որպես Հայաստանի ամենաիրազեկված, քաղաքականապես հասունացած քաղաքացիներ, վստահություն ներշնչելու այդ մարդկանց, որ հենց իրենց մասնակցությունից է կախված ամեն ինչ: Իրենք պետք է իմանան, որ իրենց ձայները դուք պահելու եք, բայց իրենք անպայման պետք է մասնակցեն քվեարկությանը: Սա է հաջողության հասնելու միակ բանալին` հնարավորինս ակտիվ մասնակցություն, ձայների տոտալ վերահսկողություն, և դեկտեմբերի 6-ից հետո մենք կարթնանանք այլ Հայաստանում:
 
Մեր «Ոչ»-ը մեր անվստահությունն է Սերժ Սարգսյանին, մեր անվստահությունն է իշխող վարչախմբին, դեկտեմբերի 6-ը անվստահության հանրաքվեի օրն է, մեր այսօրվա պայքարը, այս անձրևային եղանակին այստեղ կանգնելը, փողոցներում մարդկանց իրազեկելը, տեղամասերում մեր ձայները պաշտպանելը մեր ներդրումն է մեր երազանքների իրականացման ճանապարհին, մեր հայրենիքում մեր պետականության կերտման ճանապարհին, Հայաստանում դրական փոփոխությունների միակ տարբերակը, Հայաստանի քաղաքացու մոտ հույսի առաջացման, ինչ-որ բան անելու նախաձեռնության դրսևորման հիմքը: 

«Ոչ»-ը հաղթանակ է, Հայաստանի քաղաքացու և Հայաստանի Հանրապետության հաղթանակը, ժողովրդավարության և ազատության հաղթանակը…