Մենք ունենք ավելի կարևոր ռեսուրս. Արմեն Գրիգորյան

Մենք ունենք ավելի կարևոր ռեսուրս. Արմեն Գրիգորյան

«Չեք անցկացնի» շարժման նախաձեռնող խմբի անդամ  Արմեն Գրիգորյանի ելույթը հոկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ 

Հայաստանի Հանրապետությունում չկա քաղաքացի, որ «այո» է ասելու սահմանադրական փոփոխություններին: Նույնիսկ այն մարդիկ, ում բռնաճնշումների միջոցով տանելու են ընտրատեղամաս,  նույնպես «ոչ» են քվեարկելու: 2013 թվականի ընտրությունները հենց դա են հաստատել, որ քաղաքացիները գնում, ընտրում են միանշանակ դեմ Սերժ Սարգսյանին: «Այո»-ն նշանակում է թողնել՝ Սերժ Սարգսյանը մնա, «ոչ»-ը նշանակում է հնարավորություն՝ այս երկրում փոփոխություններ կատարելու: Այս հանրահավաքից հետո այստեղ հավաքված յուրաքանչյուր քաղաքացի իր գործը պետք է համարի իր ընկերներին, ընտանիքի անդամներին, գործընկերներին, ուսանողական ընկերներին, բոլորին բացատրել, որ պետք է գնալ և «ոչ» քվեարկել, և միևնույն ժամանակ բոլորը պետք է մասնակցություն ունենան ընտրական գործընթացի վերահսկողության գործընթացում. որպեսզի ապահովենք մեր հաղթանակը: 

Իշխանությունն ունի ճնշման ռեսուրս, բայց մենք՝ «ոչ» ասողներս, ունենք ավելի կարևոր ռեսուրս. ամենակարևոր ռեսուրսը մարդկանց տրամադրությունն է, մարդկանց տրամադրվածությունն այս սահմանադրական փոփոխությունների հանդեպ: Եվ եթե քաղաքացիները հավաքվեն, եթե ընտրատեղամասերում մենք կարողանանք վերահսկողություն իրականացնել, ապա ես համոզված եմ, որ դեկտեմբերի 7-ին մենք արթնանալու ենք լրիվ նոր Հայաստանում և երկրի ժողովրդավարացման ճանապարհ ենք բացելու: