Յուրաքանչյուրիցս է կախված մեր պայքարի հաջողությունը և դրա ապագան. Հրայր Մանուկյան

Յուրաքանչյուրիցս է կախված մեր պայքարի հաջողությունը և դրա ապագան. Հրայր Մանուկյան

«Չեք անցկացնի» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հրայր Մանուկյանի ելույթը հոկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ 

«Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում մենք հասել ենք մի տեղ, որ կանգնած ենք երկու ճանապարհի առջև: Մեկը՝ թույլ տալ, որ Սերժ Սարգսյանը հանգիստ անցկացնի սահմանադրական փոփոխությունները: Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը վերարտադրելու է հենց ինքն իրեն և իր ընտանիքին՝ իբրև Հայաստանում իշխանություն և շարունակելու է այն արատավոր քաղաքականությունը, որը մինչև այժմ իրականացրել է: Դա նշանակում է համատարած թալան, համատարած կոռուպցիա, համատարած ձախողված արտաքին քաղաքականություն՝ և՛ հայ-թուրքական, և՛ Հայաստան-ԵՄ, և Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, և՛ Ղարաբաղի հարցում: Եվ բոլոր մնացած բացասական բաները, որոնք Հայաստանում գոյություն ունեն և ուղղակիորեն կապված են Սերժ Սարգսյանի և իր իշխող վարչախմբի հետ: Եվ կա երկրորդ ճանապարհը՝ համախմբվել և փորձել տապալել Սերժ Սարգսյանի այդ մտադրությունը: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի Հայաստանում հասնել սահմանադրական կարգի վերականգնման, գործող Սահմանադրության դրույթների գործարկման, սոցիալական արդարության, արտագաղթի վերացման: Միայն համախմբված պայքարի արդյունքում է, որ մենք կկարողանանք հասնել այս փոփոխություններին: 

Այս պայքարում յուրաքանչյուրս մեր անելիքն ունենք: Յուրաքանչյուրիցս է կախված մեր պայքարի հաջողությունը և դրա ապագան: Հայաստանը փոքր երկիր է, մենք բոլորս ճանաչում ենք միմյանց, բոլորս գիտենք՝ ովքեր ինչ են անում, ինչով են զբաղվում, բոլորս կապված ենք միմյանց հետ: Պետք է կարողանանք մեր այդ կապերն օգտագործելով՝ ինֆորմացիոն բլոկադայից դուրս գալ, բացատրել մեր ընկերներին, հարևաններին, բարեկամներին, թե ինչ արհավիրքի կարող է հասնել Հայաստանը, եթե Սերժ Սարգսյանն անցկացնի սահմանադրական փոփոխությունները: 

Ինչպես նա կձևավորի մի կուսակցության քաղաքական համակարգ՝ լրիվ մենաշնորհային, ինչն իր ազդեցությունը կթողնի նաև տնտեսության վրա, ինչի հետևանքով եթե այսօր մենք, օրինակ, ունենք 40-50 իշխող խմբեր, սահմանադրական փոփոխություններից հետո ունենալու ենք մեկ իշխող խումբ՝ Սերժ Սարգսյանի ընտանիքը: Այս ամենը մենք պետք է կարողանանք բացատրել հասարակությանը: 

Մենք ունենք շատ անելիքներ, որ պետք է միասին անենք. սկսած ընտրական հանձնաժողովներում պայքարելուց, վերջացրած՝ այդ ինֆորմացիայով, որ դուք պետք է փոխանցեք ձեր ընկերներին ու հարևաններին: 

Ես վստահ եմ, որ այս անգամ մենք անպայման հաջողելու ենք՝ չնայած նախորդ պայքարների արդյունքում դրսևորված որոշ անհաջողություններին: Եղել են և՛ քաղաքացիական բազմաթիվ պայքարներ, և՛ կուսակցական պայքարներ, որոնց փորձը նաև նկատի ունենալով՝ մենք այսօր փորձում ենք ավելի արդյունավետ ձևով պայքարել ռեժիմի դեմ: 

Ես վստահ եմ, որ այս անգամ մենք անպայման հաջողելու ենք: Այնպես որ, շնորհավորում եմ բոլորիդ մեր պայքարի մեկնարկով և մաղթում եմ առավելագույն ակտիվ աշխատանք Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների տապալման և Հայաստանում սահմանադրական կարգ հաստատելու հարցում»: