«Ո՛չ»-ի ճակատը միասնական է. Արշակ Մուսախանյան

«Ո՛չ»-ի ճակատը միասնական է. Արշակ Մուսախանյան

Չեք անցկացնի» շարժման նախաձեռնող խմբի անդամ  Արշակ Մուսախանյանի ելույթը հոկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ 

Գյումրիի  հանրահավաքից հետ մեզ՝ երիտասարդներիս, որոնք փորձել են նախաձեռնել «Ոչ»-ի շարժում, իշխանությունները մեղադրել են: Մասնավորապես՝ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասայանն ասել է, թե «Ոչ»-ի ճակատում չեն հասկանում, թե ինչու են դեմ սահմանադրական փոփոխություններին: 

Շատ պարզեցված, հատուկ Վահրամ Բաղդասարյանի համար ասում եմ. մենք դեմ ենք սահմանադրության փոփոխությանը, որովհետև այդ փոփոխության միջոցով դուք փոխում եք կառավարման համակարգը և հնարավորություն ստեղծում Սերժ Սարգսյանի համար՝ շարունակելու երկրի փաստացի ղեկավարումն այլ պետական պաշտոնում: Հատուկ Վահրամ Բաղդասարյանի համար ևս մեկ անգամ կրկնում եմ. մենք դեմ ենք սահմանադրության փոփոխությանը, քանի որ այդ փոփոխության միջոցով դուք փոխում եք կառավարման համակարգը և հնարավորություն ստեղծում Սերժ Սարգսյանի համար՝ շարունակելու երկրի փաստացի ղեկավարումն այլ պետական պաշտոնում: Հուսով եմ՝ Վահրամ Բաղդասարյանը հասկացավ: 

Հիմա ես ձեզ հարց եմ ուղղում. դուք ցանկանո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում ղեկավարի հավերժ: Ասելով «Ոչ»  սահմանադրության փոփոխությանը` մենք «Ոչ» ենք ասում կոռուպցիային, թանկացումներին, թալանին, մարդու իրավունքների խախտումներին, արտագաղթին: 

Գործել հանուն «Ոչ»-ի՝  նշանակում է գործել հանուն փոփոխության հույսի: Սահմանադրության փոփոխությունից հետո, եթե իշխանություններն այն հաջողեն, փոփոխության որևէ հույս չի լինելու: 

Իշխանությունների տակ գտնվող մամուլն անընդհատ փորձում է տարածել, թե «Ոչ»-ի ճակատը միասնական չէ: Նախ հասկանանք, թե ինչ է նշանակում «Ոչ»-ի ճակատ: «Ոչ»-ի ճակատը մոտ երեսուն կազմակերպությունների միասնական հայտարարությունն է, որը կոչվում է «Ոչ»-ի  ճակատի հայտարարություն: Այնտեղ բոլոր կազմակերպություններն արձանագրում են, որ սահմանադրության փոփոխությունը լուրջ վտանգ է պետության ապագայի համար և քաղաքացիների առջև հռչակում են, որ պայքարելու են դրա տապալման համար: Ուրեմն՝ հասկանում ենք, որ դա հայտարարություն է, այլ ոչ թե դաշնագիր: Սահմանադրության փոփոխությանը դեմ արտահայտված բոլոր այդ կազմակերպություններն ինքնուրույն են և որևէ մեկի սուվերենությունն այդ հայտարարության տեքստով չի սահմանափակվում: Եվ եթե ինչ-որ մեկը խոսում է այն մասին, թե «Ոչ»-ի ճակատում չկա միասնական կարծիք, ուրեմն պետք է ապացույց բերի առ այն, որ այդ կազմակերպություններից գոնե մեկը փոխել է իր դիրքորոշումն ու կողմ է սահմանադրության փոփոխությանը: Որևէ  կազմակերպություն իր դիրքորոշումը չի փոխել, և բոլորը շարունակում են ասել «Ոչ» սահմանադրական փոփոխություններին: Ուրեմն՝ «Ոչ»-ի ճակատը միասնական է: 

Մենք՝ որպես «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնություն, ունենք ծրագրեր՝ տապալելու այս գործընթացը, և մեր թիրախային խումբը ՀՀ քաղաքացին է. այն քաղաքացին, ով ցանկանում է միանալ շարժմանն ու իր մասնակցությունն ունենալ «Ոչ»-ի հաղթանակում:  Այսինքն՝ մենք  աշխատելու ենք քաղաքացիների հետ, նրանց հետ հանդիպումներ ենք ունենալու, կազմակերպելու ենք բացառապես խաղաղ բնույթի հանրահավաքներ և այլ միջոցառումներ, օրենքով սահմանված կարգով աշխատելու ենք  քաղաքական ուժերի, միջազգային կառույցների, Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանատների հետ: 

Ինչ վերաբերվում է Երևանի հանրահավաքին, ապա սա մեր առաջին հանրահավաքն է Ազատության հրապարակում: Ազատության հրապարակն ազատության սիմվոլ է, և որևէ շարժում չի կարող համարվել ձևավորված, եթե Ազատության հրապարակից չի տվել իր մեկնարկը: «Ոչ»-ի շարժումն այսօր Ազատության հրապարակից տալիս է իր մեկնարկը։ Ինչ վերաբերվում է հանարահավաքի քաղաքական նշանակությանն, ապա մենք արձանագրում ենք, որ այսօր Հայաստանում մի բևեռից բացի, որը Սերժ Սարգսյանի բևեռն է, գոյություն ունի երկրորդ բևեռ, որը «Ոչ»-ի շարժումն է:  Սահմանադրական փոփոխություն կարելի է իրականացնել այն դեպքում, եթե դրա վերաբերյալ կա լայն քաղաքական ու հասարակական կոնսենսուս: Այսօր արձանագրում ենք, որ այս կոնսենսուսը գոյություն չունի, որ կա լուրջ երկրորդ  բևեռ՝ «Ոչ»-ի բևեռ, որը վկայում է այն մասին, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը ոչ լեգիտիմ է և պետք է տապալվի: