Այս փոփոխությունները միջազգային հանրության աջակցություն չունեն. Արմեն Գրիգորյան

Այս փոփոխությունները միջազգային հանրության աջակցություն չունեն. Արմեն Գրիգորյան

«Չեք անցկացնի» շարժման նախաձեռնող խմբի անդամ  Արմեն Գրիգորյանի ելույթը հոկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ 

«Տարբեր մեդիաընկերություններ, հեռուստաալիքներ երկար ժամանակ մեր առաջ փակել են մուտքը: Փոխարենը հանրությանը ներկայացվել է, որ կա միջազգային հանրության ինչ-որ աջակցություն, կա ներքին կոնսենսուս՝ սահմանադրական փոփոխություններ անցկացնելու: Մինչդեռ իրականում նման բան չկա. վերջերս ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոսեց այն բռնապետների մասին, որոնք փորձում են սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրել իրենց իշխանությունը, որովհետև ձախողել են բոլոր ոլորտներում: Հայաստանը ևս այդ երկրների ցանկում է, իսկ սա նշանակում է, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը որևէ աջակցություն չի ցուցաբերելու այս իշխանությանը: ՄԱԿ-ի ամբիոնից խոսեց նաև Բան Կի Մունը, ով ևս քննադատեց այն իշխանավորներին կամ երկրների առաջնորդներին, որոնք փորձում են սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրել իրենց իշխանությունը, և հենց ՄԱԿ-ի ամբիոնից ևս մեկ անգամ ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, փաստորեն, ուղերձ հղվեց աշխարհին, որ իրենք չեն աջակցելու այն բռնապետներին, որոնք փորձում են սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրել իրենց իշխանությունը: 

Վերջերս մեդիայի միջոցով փորձ էր արվում հանրությանը ներկայացնել, որ այս հարցում կա Ռուսաստանի աջակցությունը։ Եթե  հետևեք  ռուսական մեդիայի հոդվածներին, վերլուծական կարծիքներին, ապա կհամոզվեք, որ Ռուսատանում ևս չկա մոտեցում, որ պետք է աջակցել այս իշխանության վերարտադրությանը: Երևի հիշում եք Պուտինի հայտնի  խոսերը՝ “Мозги им надо поменять, а не Конституцию”:  Ճիշտ է, նա մեկ այլ համատեքստում էր ասել, բայց դա վերաբերվում է բոլորին. իրականում մեր երկրում ոչ թե սահմանադրությունը պետք է փոխել, այլ նրանց ուղեղներն, ովքեր սահմանադրությունը փոխելով՝ փորձում են սահմանադրականության հիմքերը խարխլել: Միակ բանը, որ առաջնահերթ պետք է անել այս երկրում, դա է։ 

Ես ուզում եմ խոսել նաև երեկ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած վեհաժողովի մի քանի մանրամասների մասին։ Երևի տեղյակ եք, որ ԵԽԽՎ-ն այս փոփոխությունների մասին որոշակիորեն դրական կարծիք ուներ: ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը, և նրա շնորհիվ է, որ փոփոխություն է տեղի ունեցել այն կետում, որով ԵԽԽՎ-ը դրական կարծիք ուներ փոփոխությունների վերաբերյալ: 

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք հայտնելիս՝ ԵԽԽՎ-ն նշել էր նաև, որ Հայաստանում իշխանության բևեռացում կա: Դուք գիտեք, որ Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ նշել էր, որ սահմանադրական փոփոխությունների հարցում պետք է քաղաքական կոնսենսուս լինի, և Բաղրամյան 26-ի հայտնի ֆոտոսեսիան նրա համար էր, որ ցույց տային՝ իբր այդ կոնսենսուսը կա: Բայց Գյումրիի, ինչպես նաև Երևանի հանրահավաքն ապացուցում են, որ այդ կոնսենսուսը չկա և հանրության մեծամասնությունը դեմ է սահմանադրական փոփոխություններին: 

Փաստորեն, միջազգային հանրության կողմից այս փոփոխություններին որևէ աջակցություն չկա: Հայկ Բաբուխանյանի և Արտաշես Գեղամյանի, «Դաշնակցության» միջոցով կոնսենսուս ձևավորել հնարավոր չէ: 

Որեմն՝ միասին գնում ենք պայքարի, և ես համոզված եմ, որ միասին հաղթանակ ենք տոնելու»։